«ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՐԿԻՐ»

Էդգար Կոստանդյան

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՐԿԻՐ

վեպ (2018)

Svr

#1 ամենացուրտ ձմեռը

Ռոյալը հլու ենթարկվում էր նրա մատներին, հավաքվածների լռությունն ու հիացած հայացքները համերգասրահի մթնոլորտ էին տալիս փոքր, նեղլիկ սենյակին: Մեղեդին, որքան անծանոթ, նույնքան էլ հարազատ էր թվում նրան ու բոլորին: Չէր հիշում` որտեղ է լսել կամ սովորել: Գուցե նվագելու ընթացքում էր հորինում. հեռու չէր իրենից: Վերջին նոտայի հետ հանգստության կամ ծանր բեռ թոթափելու հոգոց հանեց, ձեռքով ուղղեց ուսերին ի միջի այլոց թափված սև, երկար մազերն ու վերադարձավ սեղանի մոտ: Երբ հավաքվածները դեռ ծափարահում էին, ընկերուհու ծխախոտատուփից մի գլանակ վառեց ու ծուխն էնպես ներս քաշեց, ասես մոլորակի վերջին սիգարետն էր ծխում: Այդ նեղլիկ ու ծխոտ սենյակից դուրս քաղաքն ապրում էր իր ամենացուրտ ձմեռը: Ցերեկներն արևը կուրացնում էր, բայց հունվարը չէր տաքանում դրանից. ցինիկություն էր էդ օրերի արևը: Իսկ գիշերային ժամերին հասկանում էիր, որ տոներն ավարտվել են: Քաղաքն արդեն ազատվել էր տոնական գույնզգույն լույսերից: Մարդկանց համար միևնույն էր, որ տարին փոխվել է: Տպավորություն էր, որ Նոր տարի չի էլ եղել: Մինչև ոսկորները թափանցող ցուրտն ու հետտոնական հոգնածությունը, սակայն, չէին խանգարել Սայլակավորին տարվա երրորդ կամ չորրորդ օրվանից հացադուլի նստել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում: Ստվարաթղթի վրա խոշոր տառերով ու ընթեռնելի ձեռագրով շարադրել էր իր պահանջները, ստվարաթուղթը վերևի երկու ծայրերից ծակել, թել էր անցկացրել, որ կարողանար կախ տալ վզից: Քաղաքը նրան լավ էր ճանաչում. առաջին անգամը չէր, որ հացադուլի էր նստում: Այդ մարդու մասին կարծիքները խիստ հակասական էին: Երբ ինչ-որ տեղ խոսք էր բացվում նրա մասին (իսկ նրա մասին հաճախ էր խոսք բացվում), զրուցակիցները երկու ճամբարի էին բաժանվում: Մի կողմը Սայլակավորին համարում էր երկրի ու քաղաքացու փրկության վերջին հույսը, սովորական երկրի վերջին կենդանի հերոսը, իսկ մյուս ճակատը պնդում էր, որ Սայլակավորն արևմտյան կասկածելի կազմակերպությունների դրածո է, և նրա պայքարն էլ, ուրեմն, ոչ թե հանուն քաղաքացու է, այլ հանուն մեծ փողերի: Նույնիսկ լեգենդներ էին պտտվում, որ տեսնող է եղել, թե նա ոնց է քայլում, և էդ սայլակն էլ, փաստորեն, արևմտյան բեմականացման հերթական ատրիբուտն էր:

… Գիշերվա երկուսին ժուռնալիստ Ավոն իր շարքից դուրս եկած բալագույն Օփելը կայանեց շուրջօրյա կրպակի դիմաց: Մի Ձմեռ պապ գրպանի մանրադրամներն էր համրում, որ օղի առնի: Սովորական երկրի ձմեռ պապերը հիմնականում խմող են և մեծ մասամբ` սոված: Ավոն փակեց մեքենայի դուռը, դառը ժպտաց ծերուկին, որի շորերից ու մորուքից ներս գուցե երիտասարդ մեկն էր ապրում, և քայլերն ուղղեց կենտրոնական հրապարակի կողմ` հուսալով, որ բաց սրճարան կգտնի:

… Լուսամփոփը թույլ լուսավորում էր Նարեի դեմքը: Արդեն երկու ժամ կլիներ` նույն դիրքով նստած էր: Բջջային հեռախոսի անջատված լինելն ապահովության տարօրինակ զգացողություն էր տալիս: Կոնյակի դատարկ բաժակը ցուցադրական վերև պարզեց` որպես նորը բերելու նշան: Խմելու գործում առանձնապես չկար, բայց ընկերուհու ծննդյան տոնակատարության ժամանակ չարաշահել էր օղին: Վաղուց արդեն մոռացել էր` ինչ կնշանակի ոչնչի մասին չմտածել ու թեկուզ մի օր, մի լրիվ օր վայելել կյանքը: Կեսգիշերն անց էր, երբ որոշեց դուրս գալ ընկերուհու տնից: Երեկոյի ամբողջ ընթացքում ամուսինը ոչ մի անգամ չզանգեց, ու գուցե վստահություն կոչվող էդ անտարբերությունն էր պատճառը, որ չմերժեց խնջույքի մասնակից անծանոթ տղամարդու` իրեն տուն ուղեկցելու խնդրանքը: Տան ճանապարհին, սակայն, խնդրեց տղամարդուն կանգնեցնել մեքենան ու առանց շնորհակալության կամ «բարի գիշերի»` հենց ճանապարհի մեջտեղում իջավ: Մի քիչ քայլեց ու էս բարանման սրճարանը գտավ: Կոնյակի չորրորդ կամ հինգերորդ բաժակն օղուն գումարվելուց հետո մոռացնել տվեց Նարեի բոլոր մտածմունքները: Ոչնչի մասին չէր մտածում` բացի մի բանից` որտե՞ղ էր սովորել էդ գրողի տարած մեղեդին: Էդ ի՞նչ մեղեդի էր:

… Կենտրոնական հրապարակից մի քանի մետր այն կողմ գտնվող սրճարանն առաջին հայացքից խորհրդային տարիների ճաշարան էր հիշեցնում` հին պատեր, պատերից հին սեղաններ, սեղանների հնության ծերուկներ, որ ուտում ու հարբում էին: Գիշերվա այդ ժամի համար սրճարանն ահագին բազմամարդ էր: Ավոն ազատ սեղան գտավ ու սուրճ պատվիրեց: Սիրունատես ու հոգնած մատուցողուհին ժպտալու ճիգեր գործադրեց ու գնաց պատվերի հետևից: Ավոն մտախոհ էր: Այդ օրվա երեկոյան նրան ազատել էին աշխատանքից: Գլխավոր խմբագիրը ձայնի մեղավոր հնչերանգով ասել էր, որ ազատման կարգադրությունը «վերևներից» է իջել, ու իբրև արդարացում` ավելացրել, որ Ավոն վերջին մի քանի հոդվածներում չափն անցել է:

— Ուրիշ բան հարկավո՞ր է,- հարցրեց մատուցողուհին` սուրճի գավաթը սեղանին դնելով:
— Ոչինչ հարկավոր չէ, շնորհակալություն,- թեթև ժպտաց ու սահեցնելով իրեն մոտեցրեց սուրճը:

Սրճարանից մի քանի քայլ այն կողմ Սայլակավորն ու իր համախոհները դողում էին ցրտից: Ավոն ու Սայլակավորն իրար լավ գիտեին: Ի վերջո, մեկը քաղաքի լավագույն լրագրողներից էր, մյուսը` երկրի առաջին բողոքավորը: Սուրճից հետո Ավոն որոշեց օղի պատվիրել, բայց փոշմանեց, փակեց հաշիվը, պատասխանեց սիրունատես մատուցողուհու ժպիտին ու քայլեց դեպի կենտրոնական հրապարակ: Սայլակավորի կողքին սովորական երկրի դրոշով մարմինը փաթաթած մի աղջնակ կիթառ էր նվագում, մի քանի ոստիկան, ոտքերը համաչափ գետնին խփելով ու ձեռքերը շփելով, մրսում էին ու հոգում, որ ամեն բան խաղաղ անցնի: Ավոյին տեսնելով` նրանք ժպտացին ու գլխով ողջույնի նշան արեցին: Ավոն մի փոքր կռացավ, որ շատ վերևից չբարևի իր վաղեմի ծանոթին, Սայլակավորն էլ խնդրեց երիտասարդներին իր բարեկամի համար աթոռ բերել: Ավոն տեղավորվեց փայտե անհարմար աթոռակին, մի քանի վայրկյան լռեց, ծխախոտ վառեց ու հարցրեց.
— Ի՞նչ ես անում էս ցրտին:
— Պայքարում եմ, Ավո’ ջան, կռվում եմ,- հպարտորեն արտաբերեց Սայլակավորը:
— Ո՞ւմ դեմ ես կռվում,- Ավոն հազիվ զսպեց ծիծաղը:
— Ինձնից լավ գիտես, սպասի ասեմ` քեզ տաք թեյ տան:
— Հացադուլավորներին թեյ կարելի՞ ա:
— Չգիտեմ: Ես չեմ խմում, երեխեքն են խմում:
— Բա իրենք հացադուլ չե՞ն անում:
— Չէ’, եկել են, որ կանգնեն կողքիս: Տեսնո՞ւմ ես` ինչ սերունդ ա մեծանում, հրաշք ջահելություն ա:
Ավոն թեյից հրաժարվեց, Սայլակավորին առողջություն մաղթեց ու քայլեց դեպի մեքենան:

… Բաճկոնի գրպանից գտավ բանալին, զգույշ ու անաղմուկ բացեց դուռը, մինչև հյուրասենյակ ոտնաթաթերի վրա քայլեց, որ կնոջը չարթնացնի: Տան բոլոր լույսերը հանգած էին, դեռ բակում էր նկատել: Միացրեց հեռուստացույցը, որ էկրանը լուսավորի սենյակը: Նստեց բազմոցին, մի ծխախոտ այրեց ու փորձեց հասկանալ հետագա անելիքները: Աշխատանք, փաստորեն, այլևս չուներ: Ճիշտ է, համոզված էր, որ մեկ-երկու օրից, երբ իր գործազրկության լուրը տարածվի, խմբագիրներն, իրար հերթ չտալով, զանգելու են ու աշխատանք առաջարկեն, բայց մեկ է, սիրտը կախ էր, մի տեսակ սովորել էր իր աշխատավայրին, նոր խմբագրությունում աշխատելը զրոյից կարիերա սկսել էր թվում նրան: Մի պահ սթափվեց մտքերից ու նկատեց, որ բաճկոնը չի հանել: Հանեց, անաղմուկ դրեց դիմացի բազկաթոռին ու նոր ծխախոտ վառեց: Կես ժամում հինգ գլանակ ծխեց: Վեցերորդն էր պատրաստվում վառել, երբ լսեց դռան փականի ձայնը: Ձեռքն անմիջապես տարավ անջատիչին ու միացրեց լույսը: Նարեն էր:
— Կարծում էի` ննջասենյակում ես, քնած ես:
Կինը ոչինչ չասաց, հանեց վերարկուն ու շպրտեց բազկաթոռին` Ավոյի բաճկոնի վրա:
— Ինձ գործից հանել են,- ինչ-որ բան ասած լինելու համար ցածրաձայն արտաբերեց Ավոն
— Ցավում եմ: Բայց կարծում եմ` դու ավելի լուրջ խնդիրներ ունես:
— Ի՞նչ խնդիրներ:
— Տղամարդ լինելու հետ կապված խնդիրներ: Կինդ տուն ա վերադարձել լուսաբացին, բայց դու թքած ունես: Նույնիսկ մի հարց չես տալիս:
— Առավոտյան ասել էիր, որ ընկերուհուդ ծնունդն ա:
— Լավ կլինի` լռես. խոսելիս ավելի նողկալի ես դառնում,- նետեց Նարեն ու գնաց ննջասենյակ:

Նրանց ամուսնությունը երբեք էլ բանի նման չի եղել: Էնպես չէր, որ ամեն օր վիճում էին: Ամենևին: Նրանք ուղղակի անտարբեր էին դարձել: Սկզբում` անտարբերության սկզբում, երկուսն էլ մտածում էին, թե ամեն բան օրինաչափ է, ժամանակի ընթացքում կիրքն անցնում է, ու մնում մարդկային հոգատարությունը, բայց արի ու տես, որ հոգատարությունն էլ կորավ գրողի ծոցը. դա էլ երևի կրքի պես վաղամեռիկ մի բան է: Նարեն էս մասին հաճախ էր մտածում, հիշում էր, որ առաջներում Ավոն անգամ անկողնում էր զիջող ու հոգատար, իսկ հիմա նույնիսկ հիշելն է դժվար, թե երբ են վերջին անգամ քնել իրար հետ: Երբ ծանոթացան, ամեն բան ուրիշ էր: Դարասկիզբն էր` նոր դարի երկրորդ կամ երրորդ տարին: Նարեն Կոնսերվատորիայի ուսանողուհի էր, Ավոն` համալսարանի ուսանող: Ծանոթությունն էլ սովորական պատահականություն էր: Համալսարանում Ավոյին հանձնարարել էին հոդված գրել որևէ երիտասարդ ստեղծագործողի մասին, ու առաջին միտքը, որ ծագեց նրա գլխում, Կոնսերվատորիա գնալն էր: Ռեկտորատում նրան խորհուրդ տվեցին գրել երկրորդ կուրսում սովորող մի դաշնակահարուհու մասին, ով, չնայած այդքան երիտասարդ տարիքին, հաջողության լուրջ ցուցանիշներ է գրանցել: Նրանք զրուցեցին, մի քանի օրից Ավոն բերեց տպագրված հոդվածն ու խոսքի մեջ նրան սուրճի հրավիրեց: Սրճեցին ու ամուսնացան:

… Ավոն բազմոցին քնել էր, Նարեն ոչ մի կերպ չէր կարողանում աչք փակել: Վեր կացավ անկողնուց, միացրեց ննջարանի լույսը, ծխախոտ վառեց ու առաջին անգամ ուզեց երեխա ունենալ:

#2 հաջորդ օրը

Ավոն բավականին վաղ վեր էր կացել, սրճել, լոգանք ընդունել ու դուրս եկել տնից` առանց իմանալու, թե ուր պիտի գնա: Նարեն դեռ քնած էր, քնած էր նաև սովորական երկիրը: Սայլակավորն արթնացել ու հանձնաժողովականներին էր սպասում: Դրանք պետության կողմից նշանակված մարդիկ էին, ովքեր ամեն առավոտ պարտաճանաչ կերպով գալիս էին կենտրոնական հրապարակ, Սայլակավորին ուղեկցում զուգարան, սպասում, որ միզի սրվակի մեջ, վերցնում էին մեզով սրվակն ու տանում բժշկական փորձաքննության` պարզելու, թե իսկապես սննդային ոչինչ չի օգտագործել հացադուլավորը: Էդպես պահանջում էր հացադուլավորների մասին օրենքը:
Ավոն մտավ նախորդ գիշերվա սրճարանը: Սիրունատես մատուցողուհին այս անգամ առանց ջանք թափելու էր ժպտում, տեսքն էլ թարմ ու առույգ էր` նախորդ օրվա համեմատ: Ավոն սուրճ ու գարեջուր պատվիրեց: Գիտեր, որ եթե առավոտյան սկսեր խմել, ամբողջ օրը դրանով էր զբաղվելու, բայց մյուս կողմից էլ, եթե անելիք չկա, ինչո՞ւ չփնտրել արհեստական հետաքրքրություններ: Մատուցողուհին նոր էր բերել գարեջուրը, երբ Ավոն տեսավ, թե ինչպես են հանձնաժողովականները Սայլակավորի հետ մտնում սրճարան, ավելի ստույգ` սրճարանի զուգարան: Սայլակավորի միզելը կարծես մի յուրօրինակ ծիսակարգ լիներ, հատուկ արարողություն: Ավոն քմծիծաղ տվեց ու մեծ կում արեց գարեջրից: Չնայած նա ոչ մի անգամ չէր նախաճաշում և օրվա մեջ առաջին անգամ ուտում էր կեսօրից ահագին հետո, այդ պահին ինչ-որ տարօրինակ քաղց զգաց: Գուցե վաղ առավոտվա գարեջուրն էր պատճառը:
— Ամենաարագն ի՞նչը կպատրաստվի,- հարցրեց մատուցողուհուն:
— Սենդվիչները, ձվածեղը…
— Ձվածեղ: Ոլոռով: Սև պղպեղը` շատ,- հրամայելու պես ասաց:
— Բարի: Պղպեղը կբերեմ, որքան կամենաք, ավելացրեք:
— Չէ’, չէ’, էդպես չի կարելի, պղպեղը պիտի պատրաստելու ընթացքում լցնեք, որ ուտելիքի համը տեղը լինի:
— Ոնց կասեք,- սովորությանն անդավաճան` ժպտաց մատուցողուհին ու գնաց խոհանոց:

Մատուցողուհու` ոլոռով ձվածեղը բերելն ու Սայլակավորի զուգարանից դուրս գալը պայմանավորված լինելու չափ համընկան: Ավոն, տեսնելով, որ Սայլակավորը նկատել է իրեն, ասաց` «արի հաց ուտենք» ու հռհռաց իր կատակից: Սայլակավորը բանի տեղ չդրեց ու ոչինչ չպատասխանեց. նրան ակնհայտորեն դուր չէր եկել հին ծանոթի կատակը: Հանձնաժողովականների «շքախումբն» ուղեկցեց Սայլակավորին ու հեռացավ հրապարակից: Ձվածեղից հետո Ավոն էլի գարեջուր պատվիրեց, արագ պարպեց ամբողջ բաժակն ու դուրս եկավ սրճարանից: Սայլակավորի կողքին արդեն ահագին մարդ էր հավաքվել, ու Ավոն, ծանոթների հետ հանդիպումից խուսափելու համար, մեքենայի մոտ հասնելու ուրիշ ճանապարհ ընտրեց:

Ավոյի մայրը, իմանալով, որ տղան գալու է, իրեն հատուկ ճարպկությամբ սեղան պատրաստեց: Ուրիշ մայրեր նման դեպքերի համար հատուկ կերակրացանկ ունեն` որդիների սիրած կերակուրներով, բայց Ավոն երբեք որևէ ուտելիքի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չի ունեցել, ու առաջին բանը, որ անցավ տիկին Գոհարի մտքով, խոզի միս տապակելն էր:
Ավոյի մի ձեռքին փոքր, բայց գեղեցիկ ծաղկեփունջ էր, մյուսին` ուտելիքներով լի մեծ տոպրակ:
— Ավո’ ջան,- նեղսրտեց մայրը,- ինչի՞ ես էսքան բան առել, ամեն ինչ ունեմ, մի քանի օր առաջ էլ Նարեն էր մի էսպիսի տոպրակ բերել: Բա էս ո՞նց ա, որ աշխատանքի չես:
— Արձակուրդ եմ վերցրել, մա’մ ջան,- ստեց Ավոն` համոզված լինելով, որ մայրը ծանր կտանի ճշմարտությունը:
— Դե, անցիր-նստիր, ուտելիքն արդեն պատրաստ ա:
Չնայած ոլոռով ձվածեղից հազիվ մի ժամ էր անցել, ու ոչնչի ախորժակ չուներ, մորը չնեղացնելու համար մի կտոր խոզի միս կերավ:

Վեց տարեկան էր Ավոն, երբ հայրն իրենց թաղից մի քանիսի հետ ջոկատ կազմեց ու գնաց սովորական երկիրը պահելու: Շատերը խփվեցին, մի քանիսը վերադարձան, ուրիշները, որոնք էդ ջոկատի կազմում չէին էլ եղել, ահագին բաներ վերագրեցին իրենց ու երկար մորուք պահեցին: Ավոյի հոր մարմինը բերեցին ճիշտ այն օրը, երբ տղան առաջին անգամ պիտի դպրոց գնար: Մաթեմատիկայի ուսուցչուհի Գոհարը մեն-մենակ, պատվով ու իրեն այդքան հատուկ ճարպկությամբ, սեղան գցելու ճարպկությամբ, մեծացրեց որդուն` առանց որևէ բանից զրկելու: Հետպատերազմյան առաջին տարիներին մի քանի նշվող տոների ժամանակ հիշում էին Ավոյի հորը, ինչ-որ մարդիկ էին գալիս նրանց տուն, որ սովորական երկրի ղեկավարների անունից գումար կամ սնունդ հանձնեն, հետո դա էլ չեղավ, կամաց-կամաց պետություն դարձող հայրենիքի հիշողությունն այնքան մեծ ու տարողունակ չէր, որ սրանց նմաններին հատիկ-հատիկ հիշեր: Հոր դեմքն ու շարժումներն Ավոյին աղոտ էին պատկերվում, միայն ձայնն էր, որ ականջից դուրս չէր գալիս. այնքան պարզորոշ էր, կարծես ոչ թե մտաբերում էր, այլ լսում: Գոհարն ամուսնուց խոսելու սովորություն չուներ, որդին էլ առանձնապես հարցեր չէր տալիս:

Ավոն երկար չնստեց: Գրկեց մորն ու ասաց, որ կսկսի հաճախ գալ:
— Ավո’, հո Նարեի հետ չե՞ս կռվել,- որդուն խեթ նայելով` հարցրեց մայրը:
— Չէ’, ա’յ մամ, հո էրեխա չենք` կռվենք,- ի միջի այլոց պատասխանեց Ավոն ու ավելացրեց,- քանի եկել եմ, մի հատ էլ Տերտերին տեսնեմ, թե չէ կնեղանա:

Տերտերն Ավոյի մանկության ընկերն էր, մի բակում են մեծացել: Տարօրինակ կամ ոչ տարօրինակ այդ անունն էլ մանկությունից է եկել: Տերտերի վզից միշտ մի մեծ արծաթյա խաչ էր կախած` սովորականից շատ ավելի մեծ, այն խաչերից, որ քահանաներն են ունենում, և էդ պատճառով թաղից ինչ-որ մեկը նրան Տերտեր կնքեց: Բակում` Ավոյի հայրական տան դեմ դիմաց, մի քարե շինություն էր սարքել` ավտոտնակի չափերով, անունը դրել արվեստանոց ու մուրճով նվագում էր ինչպես քարերի, էնպես էլ մարդկանց նյարդերի վրա: Վերջին շրջանում միայն մահարձաններ էր քանդակում, ասում էր` փողն էդտեղից է մնում: Ու խմում էր: Երբ ընկերները նախատում էին անընդհատ խմած լինելու համար ու ասում, որ իրենք միայն առիթների ժամանակ են խմում, Տերտերն ասում էր, որ կյանքը խմելու համար ամենալավ առիթն է: Չէր արդարանում, բացատրում էր: Մի օր Ավոյին ասել էր` «ուրախությունից եմ խմում, բա երջանկություն չէ՞ միլիոնավոր սպերմատոզոիդներից միակ բախտավորը լինելը: Կամ էլ կարող էի, չէ՞, ոչ թե մարդ լինել, այլ աթոռ կամ քանդակագործի մուրճ»: Տերտերի փիլիսոփայությունն, իհարկե, ծիծաղելի էր թվում Ավոյին, բայց նա սիրում էր զրուցել քանդակագործ ընկերոջ հետ, իր լրագրող գործընկերներին էլ միշտ պատմում էր նրա մասին ու ասում, որ Տերտերից շատ բան կա սովորելու»:

Ավոն արվեստանոց մտավ այն պահին, երբ Տերտերը հյութի բաժակի մեջ օղի էր լցնում: Նկատելով ընկերոջը` բաժակը դրեց սեղանին ու գնաց նրան ընդառաջ:
— Ա’յ անխիղճ, գոնե նորմալ բաժակով խմի էդ օղին,- ծոր տվեց Ավոն:
— Կխմե՞ս, դեղձի օղի ա, տղերքն են բերել:
— Տղերքն ո՞վ են:
— Չես ճանաչի, զակազչիկներ են: Կխմե՞ս:
— Կխմեմ:
Մինչ Տերտերը բաժակներն էր լցնում, Ավոն ուշադիր զննում էր կիսատ քանդակը, որ զբաղեցրել էր արվեստանոցի կեսը:
— Վերցրու, Ավո’, շնորհավոր Նոր տարի,- ասաց Տերտերը` բաժակն Ավոյին տալով:
— Շնորհավոր,- Ավոն բաժակը խփեց ընկերոջ բաժակին, ու խմեցին:
Մի քիչ էլ նայեց քանդակին, հետո հարցրեց.
— Էս ո՞ւմ արձանն ա:
— Դու իրան դժվար իմանաս, հին գողական ա: Էս դեղձի արաղն էլ սրա մեծ տղեն ա բերել:
— Հիմա գողականներին է՞լ են արձան կանգնեցնում:
— Հա’, բա հո քո արձանը չեն կանգնեցնելու: Ավո’, ասում եմ` չքանդակե՞մ քեզ,- բարձր ծիծաղեց Տերտերը:
— Պապուդ քանդակի, էն էլ ա, չէ՞, ջահել ժամանակ գողական եղել:
— Ես լուրջ բան եմ ասում, ա’յ ախպեր, քեզ կքանդակեմ, անունն էլ կդնենք` անհայտ ժուռնալիստի արձանը:
— Բայց ինչի՞ անհայտ,- Ավոն չկարողացավ զսպել ծիծաղը:
— Դե, հանել են գործից, էդ մոմենտով էլի:
— Էդ դեպքում` անգործ ժուռնալիստի, ոչ թե անհայտ:
— Եթե երկար անգործ մնաս, համ էլ` անհայտ:
— Որտեղի՞ց ես իմացել, որ գործից ազատվել եմ:
— Չես ազատվել, ազատել են:
— Լավ, քո ասածն ա: Որտեղի՞ց ես իմացել, որ ազատել են:
— Լսել եմ էլի, չեմ էլ հիշում:
— Բայց ինձ երեկ են ազատել:
— Ես էլ էսօր եմ լսել: Էլի լցնե՞մ:
— Մորս մոտ հանկարծ բան չխոսես էդ թեմայով:
— Չեմ խոսի: Լցնե՞մ:
— Չէ’, դուրս եմ գալիս: Կզանգեմ:
Ավոն գործի գցեց մեքենան և ուղղություն վերցրեց կենտրոնական հրապարակի կողմ:

… Կոնսերվատորիայի պահակը, Նարեին տեսնելով, ահագին զարմացավ, շնորհավորեց անցած տոներն ու տվեց լսարանի բանալին: Նարեն չգիտեր, թե ինչի համար է աշխատավայր եկել: Տանը մնալ չէր ստացվել, ու առաջին բանը, որ ուղեղին փչել էր, Կոնսերվատորիա գալն էր: Տոնական արձակուրդը դեռ չէր ավարտվել, երեք շաբաթ կլիներ` Նարեի լսարանի դուռը չէր բացվել, օդը ծանր էր, տհաճ: Բացեց պատուհանները, լսարանի վերջում դրված պահարանից սուրճ ու սրճեփ գտավ և հենց սրճեփը միացրեց հոսանքին, լսարան մտավ Լևոնը` Նարեի համակուրսեցին ու Կոնսերվատորիայի ամենաերիտասարդ ամբիոնի վարիչը:
— Շքեղ տեսք ունես,- ասաց նորեկը` ներս մտնելով,- չե՞ս վախենում, որ ուսանողներդ կսիրահարվեն:
— Ուսանողներս վաղուց են սիրահարված,- ժպտաց Նարեն,- սուրճ կուզե՞ս:
— Չէ’, քիչ առաջ խմել եմ: Ինչի՞ համար ես եկել, գործ կա՞:
— Չէ’, ի՞նչ գործ պիտի լինի, ուղղակի տանը ձանձրացա:
— Այ, դա արդեն նորություն էր: Փաստորեն, Ավոն սկսել ա քեզ ձանձրացնել:
— Ավոյին պիտի տեսնեմ, որ ձանձրացնի,- դժգոհ ասաց Նարեն, սուրճը լցրեց բաժակի մեջ ու նստեց ուսանողական նստարաններից մեկին:
— Կաբինետում ընտիր կոնյակ ունեմ,- Նարեի գլխավերևում կանգնելով` ասաց Լևոնը,- բերե՞մ:
— Անունը մի տուր: Երեկ ընկերուհուս տանն էնքան եմ խմել, մինչև հիմա ուշքի չեմ գալիս:
— Դե, ես հո չեմ ասում` հարբենք, մեկ-երկու բաժակ: Նոր տարի ա, ի վերջո, պիտի շնորհավորենք:
— Լավ,- տեղի տվեց Նարեն,- բաժակներ էլ կբերես, ինձ մոտ չկան:
Մինչ Լևոնը կոնյակը կբերեր, Նարեն վերցրեց սուրճը, գնաց ռոյալի մոտ ու նվագեց նախորդ օրվա մեղեդին: Ամեն հպումից ռոյալի ստեղների փոշին առաստաղ էր բարձրանում: Էլի փորձեց հիշել` որտեղից գիտի էդ երաժշտությունը, էլի չկարողացավ: Լևոնը բերեց ուսանողի ծնողից նվեր ստացած թանկարժեք կոնյակն, ու խմեցին: Մի քիչ զրուցելուց հետո Նարեն ասաց, որ պիտի դուրս գա, Լևոնն էլ որոշեց ուղեկցել նրան:
— Իմ սենյակից մի քանի բան պիտի վերցնեմ, գնամ-գամ, դուրս գանք:
— Մի րոպե,- ասաց Նարեն,- մի րոպե սպասիր: Մի բան նվագեմ, տես` կհիշե՞ս:

… Կենտրոնական հրապարակը լցված էր Սայլակավորի համախոհներով, լրագրողներով ու իրավապաշտպաններով: Ոստիկանների թիվը նախորդ օրվա համեմատ նկատելիորեն աճել էր, երևում էր` ինչ-որ կարևոր բան է կատարվելու: Ավոն հավաքվածներից բավականին հեռու էր կանգնել. չէր ուզում աչքի ընկնել կամ հանդիպել լրագրողներին, մանավանդ, որ նրա գործից ազատվելու լուրն արդեն տարածվել էր: Գուցե երկար կանգներ նույն տեղում, եթե մի քանի քայլ այն կողմ ծանոթ դեմք չնկատեր. սրճարանի ժպտադեմ աղջիկն էր` մատուցողուհին: Ավոն, կողքին կանգնածներին զգուշորեն շրջանցելով, մոտեցավ նրան:
— Չնայած մի անգամ բարևել եմ, բայց որոշեցի էլի բարևել:
— Կներեք,- ձայնի հարցական հնչերանգով ասաց աղջիկը,- մենք ծանո՞թ ենք:
— Ձեր սրճարանի հաճախորդներից եմ, արդեն` համարյա մշտական:
— Հիշեցի, ոլոռով ձվածեղ, սև պղպեղը` շատ,- ժպտաց մատուցողուհին:
Ավոն նույնպես ժպտաց:
— Եկել եք հանրահավաքի՞:
— Չէ’, աշխատանքս վերջացրի, տեսա, որ ահագին մարդ կա հավաքված, ասում են` հացադուլավորը պիտի ելույթ ունենա:
— Մտքովս չէր անցնի, որ քաղաքականությամբ եք հետաքրքրված,- խոսակցությանը որևէ կերպ շարունակություն տալու համար ասաց Ավոն:
— Սուտ կլինի, թե հետաքրքրված եմ, ուղղակի որոշեցի լսել:
Ցուցարարների ծափողջույնների ներքո Սայլակավորն սկսեց իր ելույթը: Հավաքվածներն ուշադիր լսում էին նրան ու համաչափ, մի մարդու նման գլխով համաձայնության նշան անում:
— Եկեք առաջանանք,- շշուկով ասաց մատուցողուհին,- էստեղից ոչինչ չի լսվում:
— Ես էլի եմ լսել էս ելույթը,- վրա բերեց Ավոն:
— Որտե՞ղ:
— Վերջին տասնհինգ տարվա մեջ գրեթե ամեն տեղ:
Թաքուն, չարաճճի երեխաների նման ծիծաղեցին, ցուցարարներից մի քանիսը նախատող հայացքներ նետեցին:
— Եկեք,- շարունակեց պնդել մատուցողուհին,- եկեք առաջանանք:
Ավոն ստիպված առաջ քայլեց, բայց այն, ինչից վախենում էր, տեղի չունեցավ: Գործընկերները, որքան էլ զարմանալի թվա, խոսք չբացեցին իր աշխատանքից ազատվելու մասին:
— Էստեղ բոլորը ճանաչո՞ւմ են Ձեզ,- հարցրեց մատուցողուհին` տեսնելով, որ հավաքվածներից գրեթե բոլորը ողջունում են Ավոյին:
— Չգիտեմ,- ժպտաց Ավոն,- երևի ճանաչում են:
— Ցուցարա՞ր եք:
— Ավելի վատ. լրագրող եմ:
Սայլակավորի համախոհներից մի քանիսը նկատողություն արեցին նրանց բարձր խոսելու համար, Ավոն մի փոքր հետ քաշվեց, մատուցողուհին` նրա հետևից, որպեսզի խոսելիս որևէ մեկին չխանգարեն:
— Ձեր աչքերից երևում է, որ թեյ եք ուզում,- ասաց Ավոն` ինքն էլ չհասկանալով` ինչու:
— Դուք վատ պայծառատես եք:
— Հնարավոր է: Ուղղակի մոռացել եմ աղջիկներին սրճարան հրավիրելու ձևերը:
— Հուսամ` խոսքը մեր սրճարանի մասին չէ, թե չէ տպավորություն է, թե էնտեղ ծնվել եմ, էնտեղ էլ մեռնելու եմ:
— Որ սրճարանը կամենաք:
— Ես անգամ Ձեր անունը չգիտեմ:
Ավոն ասաց իր անունն ու մեկնեց ձեռքը:
— Ժանեթ,- մատուցողուհին սեղմեց Ավոյի ձեռքը,- ես Ժանեթն եմ:
— Մի բան ասեմ` չե՞ք նեղանա:
— Ես անծանոթներից չեմ նեղանում:
— Բայց մենք ծանոթացանք… Որ դպրոցական էի, մեր բակում մի շուն կար, անունը Ժանեթ էր,- մեղավոր ժպիտը դեմքին` ասաց Ավոն ու սկսեց քայլել:
— Հետո՞:
— Հետո սատկեց:
— Դուք տխմարի մեկն եք,- նետեց աղջիկն ու արագացրեց քայլերը, որ Ավոյից հետ չընկնի:

Սրճարանը սակավամարդ էր, անաղմուկ: Ժանեթն առանց շաքարի սուրճ ու ջուր պատվիրեց, Ավոն` առանց սառույցի վիսկի:
— Համոզված էի, որ սուրճը դառն եք խմում,- ասաց Ավոն, երբ պատվերը բերեցին:
— Էլի աչքերի՞ցս հասկացաք:
— Հա’, ես կանանց աչքերից ամեն բան հասկանում եմ, ինչո՞ւ միայն աչքերից, մարմնի կառուցվածքից, կրծքերի ձևից:
— Հույս ունեմ` էս երեկո կրծքերիցս չեք խոսի:
Մի քանի րոպե դեսից-դենից զրուցելուց և «դու»-ի անցնելուց հետո, Ավոն սկսեց Սայլակավորից խոսել:
— Ի՞նչ ես կարծում,- հարցրեց Ժանեթին,- ինչի՞ ա ուզում հասնել հացադուլով:
— Չլսեցի՞ր, պրեզիդենտի հրաժարականն էր պահանջում:
— Հա’, բայց համոզված ա, որ դա չլինող բան ա: Մի տարեկան երեխային էլ ա պարզ, որ պրեզիդենտը թքած ունի` Սայլակավորը հաց կուտի, թե չէ:
— Կարծում ես` կապիկությո՞ւն ա անում,- երեխայի միամտությամբ հարցրեց Ժանեթը:
— Չգիտեմ:
— Ինչ ձանձրալի մարդ ես: Երբեք որևէ տղամարդ ինձ չէր հրավիրել սրճարան` քաղաքականությունից ու հացադուլավորներից խոսելու:
— Շատ լավ ա, նոր մշակույթ ա,- ծիծաղեց Ավոն,- կարելի ա անվանել քաղաքական ռոմանտիկա: Տես` ինչ սիրուն ա. տղան ու աղջիկը ծանոթանում են ցույցի ժամանակ ու որոշում միասին սրճել…
— Մի րոպե,- ընդհատեց Ժանեթը,- մենք ցույցի ժամանակ չենք ծանոթացել, մենք ծանոթացել ենք սրճարանում:
— Չէ’, սրճարանում դու ինձ համար ոլոռով ձվածեղ ես բերել ու վերջ: Տղան ու աղջիկը ծանոթացել են հացադուլավորի ելույթի ժամանակ:
— Խնդրում եմ, երբ տղան վիսկին խմի-վերջացնի, թող ինձ տուն ճանապարհի, սարսափելի հոգնած եմ…

#3 բիլիարդ

Սայլակավորը երկու շաբաթից դադարեցրեց հացադուլը: Ահագին նիհարել, տեսքի էր եկել: Նրա` կենտրոնական հրապարակից հեռանալու պահն իսկական իրադարձություն էր բոլորի համար: Լրագրողական խմբերն ու ցուցարարներն, իրար հերթ չտալով, զրուցում ու մտքեր էին փոխանակում նրա հետ: Սայլակը մինչև մեքենան վարելու «պատիվը» տրվել էր երիտասարդ ցուցարարներից մեկին, ու էդ տղան այնպիսի ոգևորությամբ ու հպարտությամբ էր կատարում իր գործն, ասես սայլակին Նապոլեոնն էր նստած: Ամբոխը Սայլակավորին ուղեկցեց մինչև մեքենան, ինքն էլ, առաջնորդի հայացքը դեմքին, վերցրեց բարձրախոսն ու երիտասարդներին կոչ արեց ոչ մի դեպքում չլքել հրապարակը, նաև խոստացավ երկու-երեք օր հետո դարձյալ միանալ նրանց: Ասաց, որ այդ մի քանի օրերը կազդուրվելու համար են հարկավոր:

Նարեի պատրաստած թունդ սուրճը միանգամից ու վերջնականապես արթնացրեց Ավոյին: Լոգանք ընդունեց, հագնվեց ու կնոջն ասաց, որ աշխատանքի հետ կապված կարևոր հանդիպում ունի: Ժանեթի հետ հանդիպման գնալուց էլ էր նույն բանն ասում, բայց այս անգամ հանդիպումն իսկապես գործնական էր: Նախորդ օրը, երբ Ավոն սուրճ էր խմում իր լրագրող ընկերներից մեկի հետ, մի տարօրինակ զանգ ստացավ: Զանգողն, ուրեմն, չափից ավելի հարուստ մեկն էր, ով արդեն երրորդ անգամ ընտրվել էր պատգամավոր, ընդ որում, վերջին երկու անգամները` իշխող կուսակցության ցուցակով: Նա որոշել էր չտարբերվել իր գործընկերների մեծամասնությունից և վայելում էր հասարակության լայն շերտերի բացարձակ նողկանքը: Դա, իհարկե, սովորական բան էր նրա համար, առօրյայի անբաժանելի մաս: Հետաքրքիր նախասիրություններ ուներ, որոնք տարիների ընթացքում նույնն էին մնացել ու չէին կրել անգամ չնչին փոփոխություն: Դրանցից գլխավորները երեքն էին` բիլիարդ խաղալ, զբաղվել որսորդությամբ և ծեծել լրագրողներին: Ավոն, երբ մտաբերում էր իր որոշ կոլեգաների, հաճախ ներքուստ համաձայնում էր պատգամավորի երրորդ նախասիրության հետ: Վերջին անգամ հանդիպել էին երեք տարի առաջ հայրենի խորհրդարանի շենքում, որտեղ ազգընտիրներն ամանորյա ընդունելություն էին կազմակերպել լրագրողների համար, նույնիսկ այն լրագրողների, որոնց հաճախ ծեծում են: Այդ ընդունելության ժամանակ Ավոն ու պատգամավորը միմյանց ձեռք սեղմեցին, հարցրին մեկը մյուսի որպիսությունը, և այդքանով ավարտվեց նրանց` դեռ չսկսված հանդիպումը:
Ավոն չճանաչեց պատգամավորի ձայնն այնքան ժամանակ, մինչև զանգողը չներկայացավ: Պատգամավորն ասաց, որ կարևոր գործ կա Ավոյի հետ, բայց հեռախոսի բան չէ, ու լավ կլինի` էնպիսի տեղ հանդիպեն, որտեղ ավելորդ աչքեր ու ականջներ չկան: Ավոն չգիտեր` պատգամավորի գործն իսկապես կարևոր էր, թե էդպես ասաց, որ արհեստական լրջություն ու կարևորություն հաղորդի հանդիպմանը, բայց ամեն դեպքում ընդունեց առաջարկը: Պայմանավորվեցին հանդիպել քաղաքի ծայրամասում գտնվող մի ռեստորանում ուղիղ երեքին:

Ավոյի ու պատգամավորի ծանոթության պատճառը, որքան էլ տարօրինակ թվա, ոչ թե Ավոյի մասնագիտությունն էր, այլ պատգամավորի` բիլիարդի հանդեպ հատուկ վերաբերմունքը: Ավոյի հայրական տան բակից ոչ այնքան հեռու գտնվող մի կիսանկուղայինում Տերտերը բիլիարդանոց էր բացել: Բիլիարդանոցն ուներ մի ընդհանուր սրահ, որտեղ չորս խաղասեղան էր դրված, և երկու առանձնասենյակ` մեկական խաղասեղաններով: Առանձնասենյակ զբաղեցնելը երկու անգամ ավելի թանկ արժեր, քան ընդհանուր սրահում խաղալը: Այդ ժամանակ Ավոն երրորդ կուրսում էր սովորում և քանի որ իրեն հասուն տղամարդ էր կարծում ու մոր հաշվին ապրելը համարում էր անպատվաբեր, Տերտերին խնդրեց բիլիարդանոցում մի աշխատանք գտնել իր համար: Գործը բարդ չէր, նշում էր, թե ով որ ժամին է զբաղեցրել բիլիարդի սեղանը, և ով ինչ է պատվիրել բարից:
Մի երեկո, երբ դրսում զզվելի եղանակ էր` փոշոտ անձրև ու մառախուղ, և հաճախորդ էլ առանձնապես չունեին (չնայած այդպիսի եղանակին նրանց մոտ ասեղ գցելու տեղ սովորաբար չէր լինում), ներս մտան վեց կամ յոթ տղամարդ, որոնցից երկուսը` մոտ հիսուն տարեկան և ավելի դոմինանտ շարժուձևով, քան չորս կամ հինգ երիտասարդները: Այդ երկուսից մեկը պատգամավորն էր, որի անունն անգամ չէր լսել Ավոն, ուր մնաց` դեմքով ճանաչեր: Մյուսը, դժվար էր կռահել` նրա ընկերն էր, թե գործընկերը, գուցե ոչ մեկը, ոչ` մյուսը: Քիչ անց Ավոն հասկացավ, որ մնացած չորսը կամ հինգը սրանցից մեկի կամ գուցե երկուսի թիկնապահներն են: Պատգամավորն ու նրա ընկերը (կամ գործընկերը, գուցե ոչ մեկը, ոչ մյուսը) մտան առանձնասենյակ: Թիկնապահներից մեկը մոտեցավ վաճառասեղանին և մի շիշ հինգաստղանի «Արարատ» կոնյակ պատվիրեց, ու երբ Ավոն ասաց, որ մատուցողուհու հետ կուղարկի առանձնասենյակ, թիկնապահն ընդդիմացավ` պնդելով, որ ինքը կտանի: Ավոն կոնյակի փակ շիշն ու երկու բաժակները դրեց սկուտեղի վրա և փոխանցեց նրան: Երիտասարդը մտավ առանձնասենյակ, մի քանի վայրկյանից դուրս եկավ և դատարկ սկուտեղը դրեց վաճառասեղանին: Ավոն չորս կամ հինգ թիկնապահներին ասաց, որ կարող են բիլիարդ խաղալ, բայց նրանցից մեկը (ոչ նա, ով տարավ կոնյակը) ձեռքով շնորհակալության նշան արեց ու ասաց` «լավ ա, ախպե´ր»: Քիչ անց մատուցողուհու հետ նրանց սուրճ ուղարկեց, մի տեսակ ճնշող էր, որ նստել էին ու ոչ մի գործողություն չէին անում: Մոտ մի ժամից պատգամավորն ու իր ընկերը (կամ գործընկերը, գուցե ոչ մեկը, ոչ մյուսը) դուրս եկան առանձնասենյակից, ու այդ պահը համընկավ Տերտերի բիլիարդանոց մտնելու հետ: Թիկնապահներից մեկը (ոչ նա, ով կոնյակը տարավ, և ոչ էլ նա, ով ձեռքով շնորհակալության նշան արեց), երկու քսանհազարանոց դրեց վաճառասեղանին (չնայած նրանց հաշիվը տասնմեկ-տասներկու հազար էր կազմել), ու դուրս եկան: Տերտերն ասաց, որ առանձնասենյակում խաղացող երկու տղամարդկանցից մեկը պատգամավոր է, մյուսը` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա: Ավոյի համար ոչ այդքան կարևոր, բայց ամեն դեպքում հետաքրքիր տեղեկություն էր: Այդ օրվանից մեկ շաբաթ էր անցել կամ ավելի քիչ (գուցե մի փոքր շատ), երբ բիլիարդանոց եկավ թիկնապահներից մեկը (նա, ով կոնյակը տարավ) և հարցրեց, թե որքան պիտի վճարի, որ բիլիարդանոցը մի քանի ժամով փակեն: Երբ Ավոն հետաքրքրվեց, թե ինչ նկատի ունի` փակել ասելով, երիտասարդն ասաց, որ իր շեֆը երեկոյան ուզում է գալ բիլիարդ խաղալու, ուզում է նաև, որ աշխատողներից բացի` ոչ ոք չլինի: Ավոն նրան խնդրեց սպասել ու մտավ առանձնասենյակներից մեկը, որտեղ Տերտերը մի ծանոթի հետ բիլիարդ էր խաղում: «Կասես` ոչ մի բան էլ պետք չի,- կարգադրեց Տերտերը,- սրանք պարտքի տակ մնացող տղերք չեն, համ էլ պետքական մարդիկ են»: Երբ Ավոն փոխանցեց Տերտերի ասածը, թիկնապահը խնդրեց, որ երեկոյան իննին ոչ մի հաճախորդ չլինի, իսկ բարում անպայման հինգաստղանի «Արարատ» ունենան, որովհետև շեֆն ուրիշ կոնյակ չի խմում: Իրենց ասած ժամին պատգամավորն ու թիկնապահը ներս մտան, և միայն այդ պահին Ավոն համոզվեց, որ թիկնապահը «պատկանում է» ոչ թե ոստիկանության պաշտոնյային, այլ պատգամավորին: Իմացավ նաև, որ ոստիկանության պաշտոնյան կոչումով գնդապետ է, որովհետև ներս մտնելուց և իրեն ու Տերտերին գլխով բարևելուց հետո, պատգամավորը թիկնապահին հարցրեց` «բա էս պալկովնիկն ինչի՞ հլը ստեղ չի»: Գնդապետը, սակայն, երկար սպասեցնել չտվեց: Երկու-երեք րոպեից ժամանեց: Նա նույնպես ընդամենը մեկ թիկնապահի ուղեկցությամբ էր եկել: Այս անգամ, փաստորեն, այրերն իրենց համեստ էին դրսևորել: Պատգամավորն ու գնդապետը մտան առանձնասենյակ, թիկնապահներն այս անգամ որոշեցին բիլիարդ խաղալ, և Ավոն իր կյանքում առաջին անգամ հանդիպեց իրենից ավելի վատ բիլիարդ խաղացող մարդու, մեկի փոխարեն` երկուսին: Նրանց կի բռնելու ձևից ծիծաղը հազիվ էր զսպում: Մոլորակի ամենավատ բիլիարդ խաղացողը ծիծաղում էր ինչ-որ մեկի վատ բիլիարդ խաղալու վրա: Այրերի բիլիարդն այդ անգամ կարճ տևեց. նրանք դուրս եկան առանձնասենյակից մոտ քսան րոպեից: Պատգամավորի թիկնապահը գրպանից հանեց փողերի կապոցը, հաշվեց հինգ հատ քսանհազարանոց, դրեց վաճառասեղանին ու վազելով հասավ տիրոջը, որն արդեն դուրս էր եկել սրահից: Մատուցողուհին բերեց կոնյակի շիշը, որ նույնիսկ չէին էլ բացել: Դա, իհարկե, նրանց ուղարկեցին հաջորդ անգամ: Այդպիսի «հաջորդ անգամներ» շատ եղան, պատգամավորի ու գնդապետի այցելությունները սկսեցին հաճախակի բնույթ կրել, մոտավորապես` շաբաթը մեկ, երբեմն նաև երկու անգամ: Մի քանի ժամ շուտ պատգամավորի թիկնապահը գալիս էր, թողնում հարյուր հազար դրամ և պատվիրում, որ երեկոյան ոչ ոք չլինի բիլիարդանոցում: Ավոյենց, բնականաբար, ձեռնտու էր, որովհետև սովորական օրերին ամբողջ երեկոյի ընթացքում քսան-երեսուն հազար դրամ հազիվ էր շրջանառվում: Ավոյին հետաքրքիր էր` որն է պատճառը, որ փակում են բիլիարդանոցը, մանավանդ, որ առանձնասենյակում են խաղում: Համոզված էր, որ դա սովորական ցուցամոլություն չէր: Վստահ էր, որ այդ ամենն ինչ-որ լուրջ, ծանրակշիռ հիմնավորում ուներ: Բազմաթիվ տարբերակներ ու վարկածներ գցել-բռնելուց հետո կանգ առավ ամենախելամիտ տարբերակի վրա. հավանաբար, սրանք ինչ-որ մութ (կամ ոչ այդքան) գործեր ունեն, որոնց մասին պիտի պարբերաբար զրուցեն և ինչ-որ բաներ քննարկեն, ու քանի որ երկուսն էլ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են, իսկ իրենց գործերն, ամենայն հավանականությամբ, հակաօրինական, ստիպված քողարկվում են. բիլիարդ խաղալու պատրվակով գալիս են ու քննարկում իրենց հարցերը: Հետո սկսեց թերահավատորեն մոտենալ այս տարբերակին, քանի որ ոչ մի անգամ նրանց թիկնապահներից ոչ ոք չի մտել առանձնասենյակ նրանցից առաջ: Չէ՞ որ այնտեղ կարող էին գաղտնալսող սարքեր լինել: Գուցե երկար շարունակեր դետեկտիվներ հորինել ինքն իր համար, եթե մի հերթական օր, երբ այդ երկուսը խաղում էին առանձնասենյակում, Տերտերը նրան դուրս չկանչեր: Երբ դուրս եկան, ասաց, որ չէր ուզում թիկնապահների ներկայությամբ խոսել: Ուրվական տեսածի դեմքով նայում էր Ավոյին ու նյարդային ծխում: Երբ մի փոքր շունչ առավ, պատմեց, որ տեսել է, թե ոնց են նրանք փողի վրա բիլիարդ խաղում, այն էլ` մեծ, շատ մեծ փողերի:
— Մի տոպրակ հարյուր դոլարանոց էր դրած սեղանին,- ասաց,- ոնց որ դեպուտատն էր կրել:
— Հա, ի՞նչ անենք, դու ինչի՞ համար ես դարդ անում:
— Չե՞ս հասկանում,- ավելի բորբոքվեց,- ղումար են խաղում:
— Խաղում են`խաղան,- նույն հանգստությամբ ու հանդարտությամբ շարունակեց Ավոն,- մեզ ի՞նչ:
— Դու բո՞ւթ ես,- վերջնականապես հունից դուրս եկավ Տերտերը,- եթե իմանան, սա մեծ պատմություն կդառնա, գիտե՞ս` ինչ թվեր կտուգանեն, էլ չեմ ասում, որ կարող ա բռնեն:
— Ուրեմն, ոստիկանության գնդապետը գրազ խաղա, մե՞զ բռնեն,- ծիծաղեց Ավոն, հետո ավելացրեց,- լսի, եթե ես ու դու գնանք որևէ սրճարան, գարեջուր խմենք, բայց գրազով, թե ով ավելի շատ կխմի, դրա համար պիտի սրճարանի տիրոջը տուգանեն կամ բռնե՞ն:
Տերտերն ահագին հանգստացավ, ոչ այնքան գարեջուր խմելու գուցե անհաջող օրինակից, որքան այն հանգամանքից, որ գրազ խաղացողը ոստիկանության կարևոր պաշտոնյա է:
Պատգամավորի ու գնդապետի այցելությունները շարունակվեցին ևս երկու ամիս, մինչև վերջին չարաբաստիկ այցելության օրը: Այդ օրը նրանց բիլիարդանոց գալու ձևաչափը, մեղմ ասած, տարբերվում էր նախորդ բոլոր անգամներից: Երեք շատ տարօրինակ հանգամանք կար, որ Ավոն չէր կարող չնկատել: Նախ այն, որ թիկնապահներն իրենց չէին զգուշացրել գալու մասին և չէին փակել բիլիարդանոցը: Երկրորդ` պատգամավորն ու գնդապետը եկել էին ցերեկվա մեկին (նրանք միշտ գալիս էին երեկոյան իննից ոչ շուտ): Իսկ ամենատարօրինակն այն էր, որ նրանք եկել էին առանց թիկնապահների: Բոլոր առանձնասենյակներն զբաղված էին, իսկ ընդհանուր սրահում, հաստատ, չէին խաղա:
— Մեր կուպեն ազա՞տ ա, ախպե´րս,- հարցրեց պատգամավորը:
— Ճիշտն ասած` բոլոր առանձնասենյակներն զբաղված են:
— Բա հիմի ի՞նչ անենք, հելնենք-գնա՞նք:
— Ձեր գալուց առաջ միշտ նախապես տեղեկացնում են, տեղյակ չէինք, որ գալու եք,- ասաց Ավոն` ինքն էլ չհասկանալով, թե ինչու պիտի արդարանա:
— Ախպե´րս, ձև արա, մի հատ կուպե ազատի էլի,- շարունակեց համառել պատգամավորը:
Հաշվի առնելով, որ շաբաթը մեկ կամ երկու անգամ գրեթե ոչնչի դիմաց հարյուր հազար տվող հաճախորդներին նեղացնելը ոչ այլ ինչ է, քան տարրական հիմարություն, Ավոն գնաց առանձնասենյակ` խնդրելու ծանոթ հաճախորդներին տեղափոխվել ընդհանուր սրահ և ասելու, որ այդ օրվա խաղի համար կարող են չվճարել, բայց ճակատագիրն առատաձեռն գտնվեց: Երբ մտավ առանձնասենյակ, տղաներն արդեն իրենց վերարկուներն էին հագնում, որ դուրս գան: Պատգամավորին, իհարկե, այլ կերպ ներկայացրեց, իբր հատուկ իրենց համար է ազատել առանձնասենյակը, նա էլ իր «բարձունքից» ասաց` «գոհ եմ, ախպե´ր»: Ընդհանրապես, էս տեսակի մարդիկ երբեք չեն ասում` շնորհակալություն, նրանք միշտ ասում են` գոհ եմ: Դա երևի նրանից է, որ կարծում են` բոլորը պարտավոր են իրենց գոհացնել: Պատգամավորն ու գնդապետը սովորաբար մեկից մեկ ու կես ժամ էին մնում բիլիարդանոցում, ընդամենը մի անգամ էր եղել, որ երկու ժամ խաղացել էին, բայց այդ անգամ, այդ չարաբաստիկ վերջին անգամը նախորդ օրերից անհամեմատ երկար մնացին: Արդեն չորս ժամից ավելի այնտեղ էին: Միայն մի անգամ պատգամավորը դուրս եկավ, գնաց զուգարան, հետո Ավոյին ասաց, որ էլի կոնյակ ուղարկի: Նախկինում երբեք նրանք երկրորդ շիշը չէին պատվիրել, անգամ առաջինը չէին դատարկել: Տարօրինակությունների շղթան, փաստորեն, շարունակվում էր: Երկրորդ շիշն ուղարկելուց մոտ կես ժամ հետո, երբ Տերտերն էլ էր եկել արդեն, առանձնասենյակի կողմից աղմուկ լսվեց ու մի քանի հայհոյանք: Նրանց, անշուշտ, հետաքրքիր էր, թե ինչ է կատարվում ներսում, բայց ստիպված էին երաժշտության ձայնը բարձրացնել, որ սրահի հաճախորդները չլսեն պետական այրերի հիշոցները: Քիչ անց, սակայն, երաժշտությունն էլ ի զորու չէր խլացնել նրանց ձայները: Որոշեցին երկու-երեք րոպե էլ համբերել, ու եթե չդադարի աղմուկը, մտնել ներս: Այդ երկու րոպեն դեռ չէր անցել, երբ առանձնասենյակից սաստիկ ձայն լսվեց ու բղավոց: Ավոն ու Տերտերը ներս վազեցին: Գնդապետն ընկած էր հատակին` գլուխն ամբողջովին արյան մեջ կորած, պատգամավորը կանգնած էր նրա գլխավերևում` կոնյակի կոտրված շիշը ձեռքին: Նա մի քանի վայրկյան այդպես արձանացած մնաց, հետո շիշը գցեց գետնին ու դուրս եկավ, կարծես ոչ մի բան տեղի չէր ունեցել: Տերտերն ուզում էր շտապ օգնություն կանչել, բայց գնդապետը թույլ չտվեց: Միայն խնդրեց իրեն օգնել, որ կանգնի: Ինչ-որ տեղ զանգեց ու ասաց, որ գան իր հետևից: Քիչ անց երկու երիտասարդ եկան, որոնք նախկինում էնտեղ չէին երևացել, ու տարան գնդապետին: Նույն երեկոյան բիլիարդանոց եկավ պատգամավորի թիկնապահը, գրպանից մի ծրար հանեց, տվեց Ավոյին` ասելով, որ դա իրենց կրած վնասի փոխհատուցումն է, ապա հասկացրեց, որ ցերեկը կատարվածի մասին որևէ մեկը չպիտի իմանա: Ծրարի մեջ ահագին փող կար: Տղերքի կրած վնասը, սակայն, գրոշներ էր կազմում`ընդամենը մի կոնյակի շիշ ու մի գնդապետի գլուխ:
Այդ օրվանից հետո նրանցից ոչ մեկը չեկավ բիլիարդանոց, ու հիմա` էս անհեթեթ պատմությունից տասը տարի անց, պատգամավորն, ով այս ընթացքում ոչ մի րոպե չէր դադարել լինել պատգամավոր, զանգահարել էր Ավոյին և խնդրել հանդիպել: Ավոն մի առիթով նրան հիշեցրել էր իր ով լինելը, հենց այնպես, խոսքի մեջ: Դրանից հետո պատգամավորը ոչ մի անգամ չէր մերժել Ավոյենց թերթին հարցազրույց տալու խնդրանքներից և ոչ մեկը:

… Ուղիղ երեքին, ուրեմն, Ավոն կանգնած էր մայրաքաղաքի ծայրամասում գտնվող այն ռեստորանի դիմաց, որտեղ պիտի հանդիպեր պատգամավորին: Զանգեց, ասաց, որ տեղում է:
— Հիմի ասեմ` գան քեզ դիմավորեն, ներս տանեն, ես, քարը տրաքի, տասնհինգ րոպեից ըտեղ եմ:
Ռեստորանից մի աշխատող դուրս եկավ և Ավոյին ուղեկցեց մեծ, ընդարձակ մի սենյակ: Ավոն սուրճ խնդրեց:
Պատգամավորի ասած քարը վաղուց «տրաքել» էր, բայց նա դեռ չկար: Եկավ գրեթե չորսին:
— Ներող կըլնես, ախպե´ր ջան, մի քանի հատ մանր-մունր գործ կար, ասի արանքից հանեմ, որ հանգիստ նստենք, խմենք:
Թե որտեղից էր ենթադրել, որ Ավոն ուզում է իր հետ հանգիստ նստել և խմել, անհասկանալի էր, բայց հաշվի առնելով Ավոյի` պարապ մնալուց ձանձրանալը, հեռանկարը նրան դուր եկավ: Մատուցողը ներս եկավ` իմանալու, թե ինչ են պատվիրում, պատգամավորն, առանց նրան նայելու, ասաց` «հլը շեֆիդ ասա` թափով գա, արա´»: Թե ինչու այդքան կոպիտ խոսեց մատուցողի հետ կամ ինչու «պատվիրեց» ռեստորանի տնօրենին, Ավոն չկարողացավ հասկանալ: Տնօրենը կես րոպեից հասավ ու շնչակտուր դիմեց պատգամավորին.
— Կանչե՞լ ես, շե´ֆ ջան:
— Հա´,- ասաց,- մի հատ քո ձևերով սեղան կազմակերպի:
Քիչ անց պիտի պարզվեր, որ «տնօրենի ձևերով սեղանն» իր մեջ ներառում էր բոլոր անասունների մսերից խորոված, ինչ-որ անհասկանալի աղցաններ, դրանցից ավելի անհասկանալի կոմպոտներ ու հինգ տեսակի խմիչք, չնայած նրանք միայն օղի էին խմելու: Պատգամավորը ջանք ու եռանդ չէր խնայում ներկայանալի թվալու համար` չհասկանալով, որ դա իրեն եղածից ավելի ծիծաղելի է դարձնում: Մատուցողը լցրեց բաժակներն ու դուրս եկավ, նրանից անմիջապես հետո եկավ տնօրենն ու հարցրեց` «ամեն ինչ նորմա՞լ ա, շե´ֆ ջան», պատգամավորն էլ պատասխանելու փոխարեն հրահանգեց, որ ոչ ոք ներս չմտնի, մինչև ինքը չկանչի:
— Ինչի՞ ա ռեստորանի տնօրենը քեզ շեֆ ասում,- տնօրենի դուրս գալուց հետո հետաքրքրվեց Ավոն:
— Բա իմ օբյեկտն ա, հո քեզ շեֆ չի ասելու,- միջին վիճակագրական ռեստորանատեր պատգամավորի ձայնով հռհռաց, վերցրեց բաժակն ու ասաց` «բարով տեսանք»:
Երկու-երեք րոպեն մեկ պատգամավորը լցնում էր բաժակները, ինչ-որ ստանդարտ, երբեմն անգամ գործածությունից դուրս եկած կենացներ էր ասում, ու խմում էին: Ոչ մի խոսք իր ասած շատ կարևոր և գաղտնի գործի մասին: «Հող ու ջրի» կենացից հետո Ավոն մի ծխախոտ վառեց ու ասաց.
— Ինչի՞ համար ես կանչել:
Պատգամավորը մի ծխախոտ վերցրեց Ավոյի ծխախոտատուփից, ասաց, որ ծխելը թողել է, բայց սիրտն ուզեց:
— Ինչի՞ համար ես կանչել,- կրկնեց Ավոն:
— Լսել եմ` գործից հանել են քեզ:
— Դա բոլորն են լսել:
— Լավ չի էլի, ախպե´ր, լավ չի, որ քեզ նման մասնագետներն առանց աշխատանքի են մնում:
— Կանչել ես` մխիթարե՞ս:
— Չէ´, Ավո´ ջան, կանչել եմ` աշխատանք առաջարկեմ:
Ավոն ծիծաղեց:
— Ինչի՞ ես խնդում, ախպե´ր, լուրջ գործի համար եմ կանչել:
— Չլինի՞ ուզում ես` ռեստորանումդ մենեջեր նշանակես:
— Չէ´, ախպե´ր ջան, ուզում եմ թերթումս գլխավոր խմբագիր նշանակեմ:
Ավոյին սկզբում թվաց, թե ինչ-որ բան սխալ է լսել:
— Թերթո՞ւմ:
— Հա´, ախպե´ր, նոր թերթ եմ բացում: Լրիվ արած ա, մնում ա` դու քո համաձայնությունը տաս, սկսենք:
— Ի՞նչը սկսենք:
— Սկսենք տպել, ախպե´ր: Մնում ա` դու ասես, թե քեզ ինչ ա պետք, ով ա պետք, քանի աշխատող ա պետք: Ես քեզ վստահում եմ, Ավո´ ջան:
Ավոն ձեռքի նյարդային շարժումով ծխախոտը հանգցրեց մոխրամանի մեջ, երկար նայեց պատգամավորին ու ոչինչ չխոսեց: Պատգամավորը լցրեց բաժակները:
— Ավո´ ջան,- բաժակը ձեռքը վերցնելով` կենացի նման սկսեց,- դու հիմա ինձ ոչ մի բան մի պատասխանի, գնա մտածի, ես քեզ ոչ կրիմինալ եմ առաջարկում, ոչ էլ կասկածելի ինչ-որ բան:
Ավոն կուլ տվեց բաժակի օղին ու ասաց.
— Ինչի՞ համար որոշեցիր, որ հենց ես պիտի լինեմ էդ թերթի խմբագիրը:
— Դե, իմացա, որ գործ չունես հիմա, հետո էլ դու լավ մասնագետ ես: Ում էլ հարցրի, քեզ խորհուրդ տվեցին:
— Ասում ես` կասկածելի ու կրիմինալ ոչինչ չկա, հա՞:
— Չէ´, ա´յ ախպեր, ես օրենքի մարդ եմ, կրիմինալի հետ ի՞նչ գործ ունեմ:
— Դե, քանի որ հաջորդ տարի ընտրություններ են, իսկ դեպուտատ լինելը քեզ մոտ խրոնիկական բնույթ ա կրում, որոշեցիր հիմիկվանից քարոզարշավ սկսել,- Ավոն հեգնական ժպտաց:
Պատգամավորը նորից լցրեց բաժակները:
— Ես քեզ լավ փող կտամ, Ավո´:
— Իմ արժանապատվությունը բիլիարդանոցի կուպե չի, հնարավոր չի վարձել,- ասաց Ավոն, կանգնեց ու կախիչից վերցրեց բաճկոնը:
— Ամեն դեպքում, մի շաբաթից կզանգեմ, դու էդ ընթացքում մտածի:
Ավոն, առանց որևէ բան պատասխանելու, դուրս եկավ:

#4 Նարեի սովորական կյանքը

Տերտերն ավարտել էր հոգին տված գողականի արձանն ու նոր քանդակ էր սկսել: Ամենացուրտ ձմեռն արվեստանոցի պատերից ներս չթողնելու համար գրողի ծոցն էր ուղարկել հոսանքով տաքացուցիչն ու վառարան էր գտել, որ փայտ վառի: Նոր հանգուցյալին արձանացնելու համար երեք ամիս էր ուզել հարազատներից ու ջրի գին. մեռնողի աղջկա հետ քնել էր սովորելու տարիներին, և խիղճն ու ուսանողական հիշողությունները, փաստորեն, չէին թողել, որ «կողոպտի» սգավորներին:
Տերտերն արվեստանոցն էր կարգի բերում, երբ դուռը բացվեց, ու ներս մտավ Նարեն:
— Խեր ըլնի,- զարմացավ Տերտերը,- հո մարդ չի՞ մեռել:
— Ո՞վ պիտի մեռնի,- ծիծաղեց Նարեն:
— Դե, սովորաբար ինձ էդ դեպքերում են հիշում:
— Մի նվնվա, մենք քեզ միշտ էլ հիշում ենք:
Տերտերը սուրճ պատրաստեց, նստեցին կիսակոտրած աթոռներին:
— Գոհարի մո՞տ էիր:
— Հա´: Դե Ավոն մոր համար ժամանակ չունի,- հեգնեց Նարեն,- աշխարհի ամենաբազմազբաղ գործազուրկն ա:
Տերտերը խեթ նայեց. երևի Նարեի ասածը դուր չեկավ նրան: Նարեն սուրճի բաժակը մի կողմ հրեց, նայեց Տերտերին ու ցածրաձայն, կարծես ինչ-որ մեկից թաքուն, հարցրեց.
— Խմելու բան ունե՞ս:
Տերտերը վեր կացավ ու քայլեց դեպի փոքրիկ պահարանը:
— Տնական օղի ունեմ, կուզե՞ս:
— Չէ´, ես ո՞ր օրվա տնական օղի խմողն եմ: Կոնյակ-մոնյակ, վիսկի-միսկի, գինի-մինի, նման բաներ չունե՞ս:
— Մնա էստեղ, գնամ-առնեմ:
Տերտերը կախիչից վերցրեց ջինսե բաճկոնն ու քայլեց դռան կողմ: Նարեն զգաց, որ սառը քամի է, երբևէ իր զգացած ամենասառը քամին: Ոչ թե արվեստանոցում, այլ մարմնի մեջ, ոսկորներում: Տերտերի քանդակների նման անշարժ` մի կետի էր նայում ու Տերտերի քանդակների նման ոչնչի մասին չէր մտածում: Զուգահեռ ներկայում Ավոն քաղաքն էր չափչփում` մտածելով Նարեի բոլոր չմտածածների մասին:
Տերտերը գինի բերեց ու մրգեր: Նարեի համար գինի լցրեց, իր համար` օղի, մրգերն, առանց լվանալու, կտրտեց ու դրեց անձեռոցիկի վրա: Նարեն վերցրեց բաժակը:
— Մեռելներիդ հոգուն խաղաղություն, Տերտե´ր,- ծիծաղեց ու խմեց:

… Ժանեթը երեք բաժակ սուրճ խմեց, մինչև Ավոն կհասներ: Սովորաբար հակառակն էր լինում, Ավոն էր գալիս ու սպասում, բայց պատգամավորի հետ հանդիպումն իր նախատեսածից երկար տևեց: Ավոյին տեսնելով` Ժանեթը թռավ տեղից ու ցատկեց գիրկը:
— Շա՞տ սպասեցրի,- տեղավորվելով հարցրեց Ավոն:
— Ահագին: Բա՞ն էր պատահել:
— Էդքան էլ չէ: Գործով մի տեղ էին կանչել, աշխատանք էին առաջարկում:
— Ի՞նչ աշխատանք:
— Թերթի գլխավոր խմբագիր,- ասաց Ավոն ու Ժանեթի դիմած դրված սուրճի բաժակը ցույց տալով` մատուցողուհուն նշան արեց, որ իրեն էլ սուրճ տան:
— Հետո՞, համաձայնեցի՞ր:
— Չէ´:
— Ո՞նց թե չէ: Դրանից լավ աշխատանք ո՞վ կառաջարկի:
— Էդ մասին խոսել չեմ ուզում:
Սրճարանը սակավամարդ էր, ու դա ճնշում էր մթնոլորտը. թվում էր` նրանց ամեն խոսք ու հնչյուն բոլորը լսում են:
— Սայլակավորն էսօր հացադուլը դադարեցրեց,- շատ ցածրաձայն, կարևոր գաղտնիք պատմելու նման ասաց Ժանեթը:
— Բա պահանջները կատարեցի՞ն,- Ավոն քմծիծաղեց,- պրեզիդենտը հրաժարական տվե՞ց:
— Ծաղրում ես: Բայց պիտի տեսնեիր` ինչքան մարդ էր հավաքվել ճանապարհելու ժամանակ:
— Ճանապարհելո՞ւ:
— Հա´, տուն գնաց, որ կազդուրվի:
— Ժանե´թ, դու ինչի՞ համար ես էդ կրկեսին մասնակցում:
— Գժվեցի՞ր, ո՞վ ա մասնակցում, ուղղակի աշխատանքի էի, սրճարանի մոտով էին անցնում:
— Ինձ էլ թվաց` ցուցարարների շարքերն ես անցել:
— Ավելի լավ ա մտածես` վաղն ինչ ես ինձ նվիրելու: Երեսուն տարեկան եմ դառնում:
— Իսկ ինչի՞ց ենթադրեցիր, որ ուզում եմ ինչ-որ բան նվիրել:
— Չենթադրեցի, նախազգուշացրի:
Ավոն ժպտաց ու ծխախոտ վառեց:
— Լավ, ասա` ինչ ես ուզում:
— Վաղն առավոտյան կգաս հետևիցս, կասեմ:

… Նարեին տեսնողը միանգամից կհասկանար, որ գինու ամբողջ շիշը դատարկել էր: Տերտերն արդեն հասկանում էր, որ աշխատանքային օրն, էսպես, թե էնպես, կորած էր: Մի քանի անգամ որոշեց Նարեին խնդրել, որ տուն գնա, բայց չէր ուզում Նարեն կարծի, թե գլուխն է ուզում ազատել:
— Տերտե´ր, ինչի՞ց ա, որ քո բոլոր մեռելներն իրար էսքան նման են,- քանդակին մոտենալով` հարցրեց Նարեն:
— Աշխարհի բոլոր մեռելներն են իրար նման:
— Ինչո՞վ:
— Դե, թեկուզ նրանով, որ բոլորը մահացել են:
— Թե՞ դու ես դիլետանտ- ծիծաղեց Նարեն ու ավելացրեց,- ինձ թվում ա` դու քո միջակ լինելը փորձում ես փիլիսոփայորեն թաքցնես:
— Թող քո ասածը լինի, հանգիստ թող էդ քանդակին, արի, նստիր: Հիմա կգնամ, ուտելու բան կբերեմ:
— Չեմ ուզում ուտելու բան: Խմելու բան էլ չեմ ուզում: Ոչ մի բան չեմ ուզում: Տերտե´ր, դու Աստվածաշունչ կարդացե՞լ ես:
— Չէ´:
— Բայց անունդ Տերտեր ա, պիտի կարդացած լինեիր,- հռհռաց Նարեն ու կորցրեց հավասարակշռությունը: Տերտերը հազիվ կարողացավ պահել, որ չընկնի:
— Նարե´, շատ ես խմել, արի քեզ տուն տանեմ:
— Ես կարող եմ տուն գնալ, մի անհանգստացի: Օրինակ, Ավոն, կարդացել ա Աստվածաշունչ: Բայց սխալ ա հասկացել: Ավելի ճիշտ, լրիվ ուրիշ բան ա հասկացել:
— Ի՞նչ ես կպել Աստվածաշնչից:
— Առավոտյան հեռուստացույցով տեսա` ոնց էր էն խեղկատակը մարդկանց Աստվածաշունչ բաժանում:
— Խեղկատակն ո՞վ ա:
— Սայլակավորը: Աշխարհի ամենավատ բեմադրիչն ա:
— Ինչի՞ ես էդպես ասում, խորհրդանշական ա, գեղեցիկ ա, որ մարդկանց Սուրբ գիրք ա նվիրում:
— Ավոն մի ընկեր ունի` աթեիստ Գարեգինը, ասում ա` Աստվածաշունչը հին ժամանակների քրեական օրենսգիրքն ա:
Տերտերը ծիծաղեց:
— Մի ծիծաղիր, ճիշտ ա ասում: Տես, էն ժամանակներում, երբ ոստիկանություն, դատարան ու նման բաներ չեն եղել, մարդկանց սանձելու ինչ-որ ձև էր, չէ՞, պետք մտածել: Ու ստեղծվել ա Սուրբ գիրքը: Մի սպանիր, թե չէ դժոխքում կվառվես: Ի դեպ, շատ ավելի աշխատող տարբերակ ա, քան ժամանակակից բոլոր սահմանադրությունները:
— Էշի մեկն ա ձեր Գարեգինը,- ասաց Տերտերն ու խմեց բաժակի օղին:
Նարեն ծխախոտ վառեց, նայեց Տերտերին ու ասաց.
— Ավոն ատում ա ինձ:
Տերտերը ոչինչ չասաց:
— Ավոն ատում ա ինձ, Տերտե´ր:
— Հիմար բաներ ես խոսում:
— Չէ´, ճիշտ եմ ասում, համոզված եմ` մտքում ինձ ա մեղադրում իր չստացված կյանքի համար:
— Չստացվա՞ծ:
— Իսկ քեզ թվում ա, որ ստացվե՞լ ա Ավոյի կյանքը: Չէ´: Կայացած, ինքնաբավ մարդն էդքան չի փնտրում:
— Ի՞նչ ա փնտրում Ավոն:
— Արդարացում: Մարդկանց, ում կմեղադրի:
Նարեն ծխախոտը գցեց սուրճի բաժակի մեջ:
— Գիտե՞ս, Տերտե´ր, մի մեղեդի եմ գտել:
— Որտեղի՞ց ես գտել:
— Չգիտեմ: Գտել եմ: Չգիտեմ` ինչ մեղեդի ա, չգիտեմ` ես եմ հորինել, թե ինչ-որ մեկից գողացել եմ:
— Չեմ հասկանում` ինչ ես ասում:
— Ճիշտ էլ անում ես: Վերարկուս տուր, դուրս եմ գալիս:
— Սպասի, կտանեմ:
— Ես իմ ճանապարհը լավ գիտեմ,- ասաց Նարեն, գրկեց Տերտերին ու վերարկուն ձեռքին` դուրս եկավ:

Ճանապարհին հասկացավ, որ տուն գնալ չի ուզում, իջավ տաքսուց ու քայլեց կենտրոնական հրապարակի կողմ: Ցուցարարներն Աստվածաշունչ էին կարդում: Նարեն կանգ առավ, վերարկուի օձիքով փակեց ականջները, մի ակնթարթ ժպտաց Սայլակավորին դավանող խեղկատակներին ու շարունակեց գնալ: Դեմքը գունատ էր, ձեռքերը` կապույտ, քայլերն` անհանգիստ: Մեռնել էր ուզում, կամ ուղղակի քարի կտոր էր ընկել կոշիկի մեջ: Նրա բնությունն ունեցողի համար կամքը մասնագիտություն է, բայց օր օրի զգում էր` ոնց է թուլանում: Այլմոլորակային չէր, ի վերջո, սովորական պահանջմունքներով միսուարյուն մեկն էր: Էլի մտքին էն մեղեդին եկավ. որտե՞ղ էր լսել կամ ե՞րբ էր հորինել: Հետո Տերտերի մեռելներին հիշեց: Ինչո՞ւ են բոլոր արձաններն իրար էդքան նման, բոլոր հանգուցյալնե՞րն են իրար էդպես նման, թե՞ Տերտերն էր անտաղանդ: «Տերտերը ճիշտ է,- մտածեց,- մեռելներին մի բան հաստատ կապում է. նրանցից ոչ ոք ողջ չէ, իսկ ես ապրելու կուտն արդեն կերել եմ»: Օձիքն ուղղեց, մայթն անցավ ու քայլերը Կոնսերվատորիայի կողմն ուղղեց:

… Ավոն մտավ արվեստանոց: Տերտերն էնտեղ չէր: «Եթե դուռը բաց է, ուրեմն շուտով կգա»,- մտմտաց ու նստեց կիսակոտրած աթոռին, որին քիչ առաջ Նարեն էր նստած:
— Հիմա էլ սա,- ասաց Տերտերը` ներս մտնելով,- կարո՞ղ ա գիտեք` ձեր ընտանեկան հոգեբանն եմ:
— Ինչի՞ ես հիստերիկացել:
— Նարեն քիչ առաջ գնաց: Էստեղ էր:
— Եկել էր բողոքելո՞ւ:
— Չէ´, մորդ մոտ էր եկել, անցնելուց տեսավ էստեղ եմ, մտավ: Մի հատ կոֆե դիր էլի:
Ավոն սուրճ պատրաստեց:
— Երբևէ խմածս ամենաոռի սուրճն ա,- ասաց Տերտերն ու բաժակը մի կողմ հրեց:
— Էն դեպուտատին հիշո՞ւմ ես: Էն որ բիլիարդանոց էր գալիս:
Տերտերը մի կողմ հրած սուրճի բաժակը մոտեցրեց իրեն:
— Էն որ շշով խփեց միլիցո՞ւն
— Հա´: Էսօր հանդիպել եմ:
— Երնեկ աչքերիդ:
— Պատահական չեմ հանդիպել, գործով:
— Դրա հետ ի՞նչ գործ ունես, ուզում ես` դեպուտա՞տ դառնաս:
— Չէ´, չեմ կարող, կարմիր դիպլոմ ունեմ: Կանչել էր, գործ էր առաջարկում: Թերթ ա ստեղծում, առաջարկում էր` գլխավոր խմբագիրը դառնամ:
— Հուսամ` համաձայնել ես:
— Չեմ համաձայնել:
Տերտերը փոքր կում արեց սուրճից:
— Դու ոնց կոֆե ես դնում, էդպես էլ ապրում ու մտածում ես: Ինչի՞ ես մերժել:
— Դե, էնպես չի, որ մերժել եմ: Պիտի մի շաբաթից զանգի:
— Ուրեմն, կհամաձայնես: Սրտովդ չլինի, դուրս գալը կա ու կա:
— Տերտե´ր, ինձ թվում ա` սրա մտքին ուրիշ բան կա:
— Ուզում ա` քնի՞ հետդ,- հռհռաց Տերտերը,- բայց դեպուտատի քածի կարգավիճակը քեզ կսազի:

… Լսարանում երկու ուսանող կար:
— Ի՞նչ եք անում էստեղ,- կոպտորեն հարցրեց Նարեն:
— Պարապում ենք,- պատասխանեց նրանցից մեկը` տասնյոթ-տասնութ տարեկան մի աղջիկ:
— Էս ժամի՞ն: Ութն ա արդեն:
— Դե, ստուգարք ունենք, պատրաստվում ենք,- ասաց աղջկա կողքին կանգնած տղան:
— Դուրս եկեք, լսարանն ինձ պետք ա,- հրամայեց Նարեն ու նստեց ռոյալի մոտ:

Ռոյալի դիմաց նստած` ոչինչ չէր անում: Ուզեց ծխել, բայց ծխախոտատուփը դատարկ էր: Ուզել նվագել, բայց չկարողացավ: Ուզեց բարձր ձայնով լաց լինել, բայց մտածեց` մեկն ու մեկը կլսի: Այդ օրը նա խելագարի պես սիրում էր Ավոյին, միայն թե Ավոն էդ մասին չգիտեր:
Դռան բացվելու ձայն լսվեց: Ամբիոնի վարիչ Լևոնն էր:
— Կարելի՞ է,- հարցրեց:
— Էդ հարցը սովորաբար ներս մտնելուց առաջ են տալիս, ոչ թե հետո,- տեսնելով, որ Լևոնի մի ոտքն արդեն լսարանում է, հեգնեց Նարեն:
— Հիմա գա՞մ, թե՞ չգամ:
— Արի:
Լևոնը նստեց Նարեի կողքին:
— Մի տեսա՞կ ես,- հարցրեց:
— Չէ´, նորմալ ա ամեն ինչ:
— Նարե´, խմա՞ծ ես:
Նարեն վեր կացավ ու աթոռը ոտքով հրեց դեպի պատը:
— Լսի, Լևո´ն,- բղավեց,- դու չե՞ս հոգնել կողքերս քարշ գալուց, չե՞ս հասկանում, որ թքած ունեմ քեզ վրա: Քեզ ի՞նչ` ես խմած եմ, սթափ եմ, կոկային եմ շնչել… քեզ ի՞նչ:
Լևոնը ոչինչ չասաց, տեղից բարձրացավ ու լուռ քայլեց դռան կողմ:
— Լևո´ն, սպասիր,- ուժասպառ աթոռին ընկնելով` ձայն տվեց Նարեն,- կներես, մի քիչ չափն անցա: Մի քիչ չէ, շատ անցա:
— Ամեն ինչ նորմալ ա,- Լևոնը դառը, տխուր ժպտաց,- երևի ճիշտ ես ասում:
— Չէ´, ճիշտ չեմ ասում: Ես էդպես չեմ մտածում:
— Դա արդեն կարևոր չի,- Լևոնը դրսի կողմից փակեց լսարանի դուռը:

Այդ գիշեր ձյուն եկավ, խոշոր փաթիլներով ձյուն: Քաղաքն, ինչպես երբեք, մաքուր ու սպիտակ էր:

#5 Ժանեթի սովորական ողբերգությունը

— Բարի առավոտ,- ասաց Ժանեթն ու նստեց Ավոյի մեքենան:
— Համարյա մի ժամ սպասեցի: Ծնունդդ շնորհավոր:
— Գնացի՞նք:
— Ո՞ւր:
— Քշի` կասեմ:
Ճանապարը նրանց դուրս հանեց մայրաքաղաքից:
— Արդեն հարյուր կիլոմետր քշել ենք,- նեղսրտեց Ավոն:
— Բան չմնաց, մի էսքան էլ ու վերջ:
— Գժվե՞լ ես:
— Կարո՞ղ ես ամեն ինչ չփչացնել, առանց էդ էլ մի տեսակ ճնշող ա, որ ամուսնացած տղամարդու հետ քաղաքից դուրս եմ գնում:
— Ամուսնացած տղամարդկանց հետ երբեք չե՞ս հանդիպել:
— Խնդիրը դա չի, հանդիպել եմ,- Ժանեթը ծխախոտ վառեց ու մի կերպ իջեցրեց դժվար բացվող պատուհանը,- ամուսնացած կանանց հետ էլ եմ հանդիպել:
— Կանա՞նց:
— Լավ, էդպես մի սարսափի, բիսեքսուալ չեմ, հետաքրքրության համար մի անգամ կուրսընկերուհուս հետ եմ քնել:
— Հետո՞, լա՞վ էր:
— Համենայն դեպս, հիշվող էր: Մի ամիս չկար, ինչ հիմարն ամուսնացել էր:
— Գոնե հիմա կասե՞ս` ուր ենք գնում,- նկատելով, որ ճանապարհը երկու մասի է կիսվում` հարցրեց Ավոն:
— Աջով գնա, խոստանում եմ` մի ժամից կհասնենք:
Ճանապարհին Ժանեթը խանութ մտավ, մեծ տորթ գնեց, մի քանի շիշ շամպայն ու ահագին քաղցրավենիք:
— Էսքան բան ինչի՞ ես առել, հյուրե՞ր ենք ունենալու:
— Չէ´, մենք ենք հյուր լինելու, ավելի ճիշտ` դու:
Ավոն ոչինչ չհարցրեց, մինչև կեսօրից ահագին հետո, երբ հասել էին սովորական երկրի մյուս ծայրը, Ժանեթը խնդրեց կանգնեցնել մեքենան: Շենքը, որի դիմաց Ավոն արգելակեց, առաջին հայացքից դպրոց էր հիշեցնում: Երկաթյա ճաղավանդակներով մեծ դարպասները փակ էին, բաց էր միայն փոքրիկ դուռը, որով կարող էիր բակ մտնել: Մեքենան թողեցին դարպասներից դուրս ու մտան բակ: Առաջին հայացքից դպրոց հիշեցնող շենքը մանկատուն էր:
— Ինչի՞ ենք էստեղ եկել,- Ավոն ոչ այնքան զարմացած էր, որքան շփոթված:
— Լավ ենք արել: Գնա, մեքենայի եղած-չեղածը ներս բեր:
Ավոն, առանց որևէ բան հասկանալու, մեքենայի բեռնախցիկից հանեց Ժանեթի գնումներն ու մի կերպ ձեռքերի մեջ տեղավորելով` վերադարձավ: Ներսում մի քանի տարեց կանայք գրկել էին Ժանեթին ու ձեռքից ձեռք էին խլում: Ավոն տորթն ու քաղցրավենիքով տոպրակները տեղավորեց պատին հենած աթոռին, շամպայնի շշերը դրեց գետնին ու փորձեց հասկանալ` ինչ է կատարվում:
— Իմ դայակներն են, Ավո´, ծանոթացիր,- ասաց Ժանեթն ու Ավոյի ձեռքից բռնած` բառացիորեն քարշ տվեց առաջ:
Ավոն ոչինչ չէր խոսում, լուռ կանգնած էր:
— Ներս անցեք,- ասաց տարեց կանանցից մեկը,- հիմա Մանեին կասեմ, որ եկել եք:
Քիչ անց պիտի պարզվեր, որ Մանեն մանկատան տնօրենն էր ու Ժանեթի մտերիմ ընկերուհին: Միասին էին մեծացել այդ մանկատանը, հետո` մանկատունը թողնելուց տարիներ անց, մանկատան աշխատողների խնդրանքով ինչ-որ պարտադիր քննություններ էր հանձնել ու դարձել նրանց ղեկավարը: Ավոյի համար մանկատանը մեծանալու մեջ ոչ մի արտասովոր բան չկար, բայց Ժանեթը երկու շաբաթների ընթացքում ոչինչ չէր ասել դրա մասին: Մյուս կողմից էլ` ինչո՞ւ պիտի ասեր:
Մանեի հետ ծանոթանալուց ու շամպայն խմելուց հետո Ավոն ասաց, որ ուզում է մի քիչ քնել մեքենայի մեջ: Ստեց, իհարկե, որ ընկերուհիներին մենակ թողներ: Ժանեթի աչքերը փայլում էին երանությունից: Մանեի աշխատասենյակում բացեցին շամպայնի երկրորդ շիշը:
— Դուռը փակի` ծխեմ էլի,- ասաց Ժանեթը:
Մանեն փակեց դուռն ու վերադարձավ աշխատասեղանի մոտ:
— Ծնունդդ շնորհավոր:
Խմեցին: Ժանեթն էլի շամպայն լցրեց:
— Էդ տղան ո՞վ ա,- ժպտալով հարցրեց Մանեն:
— Ավոն ա:
— Էդքանն ինքն էլ ասեց: Հանդիպո՞ւմ եք:
— Չէ, քնում եմ հետը:
Ժանեթն ագահորեն ներս քաշեց գլանակի ծուխն ու ամբողջությամբ խմեց նոր լցրած շամպայնը:
— Սա ընդամենը հետը քնելու բան չի,- փորձեց ավելին իմանալ Մանեն,- քեզ էնպես ա նայում, կարծես դպրոցական երեխա լինի, ոչ թե լուրջ տղամարդ:
— Իսկ ո՞վ ա ասում, որ լուրջ տղամարդ ա,- ծիծաղեց Ժանեթը:
— Սիրո՞ւմ ես:
— Մանե´, ես Ավոյին տասնհինգ օր եմ ճանաչում, մի բարդացրու, խնդրում եմ:
— Ինչո՞վ ա զբաղվում:
— Գործազուրկ լրագրող ա: Գործազուրկ և ամուսնացած:
— Այ դա արդեն լուրջ ա:
— Կինն էլ, ասում են, լուրջ դաշնակահարուհի ա, ուսանող-մուսանող ունի:
— Քաքի մեջ ես: Արի խմենք:
Ավոն իրեն ներշնչել էր, որ քունը տանում է, ու քնել էր:
— Կմնա՞ք էստեղ,- հարցրեց Մանեն, երբ դուրս էր եկել նրանց ճանապարհելու,- կամ կարող ենք իմ տուն գնալ:
— Չէ´, հյուրանոց կգնանք,- ասաց Ժանեթն ու արթնացրեց մեքենայում քնած Ավոյին:

Մանկատնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա հյուրանոց գտան ու համար վերցրին: Մինչ Ժանեթը լոգանք կընդուներ, Ավոն ընթրիք ու գինի պատվիրեց:
— Էս խալաթը սազում ա քեզ,- կեսլուրջ-կեսկատակ ասաց Ավոն, երբ Ժանեթը դուրս եկավ լոգարանից:
— Սրանից հետո միշտ էսպես կհագնվեմ,- ի միջի այլոց նետեց Ժանեթն ու տեղավորվեց բազմոցին:
— Ծնունդդ շնորհավոր,- Ավոն վերցրեց գինու բաժակը,- լավ օր ունեցանք, չնայած օրվա մեծ մասը քնած եմ եղել:
Ընթրիքից հետո, երբ սուրճ էին խմում, Ավոն, առանց երկար-բարակ նախաբանի, հարցրեց.
— Ինչի՞ չէիր ասում, որ մանկատանն ես մեծացել:
— Չես հարցրել,- երեխայական ժպիտով պատասխանեց Ժանեթը:
— Դա ո՞նց ես պատկերացնում: Պիտի հարցնեի` Ժանե´թ, դու պատահաբար մանկատա՞նը չես մեծացել:
— Լավ, անցած լինի, կարևորն էն ա, որ արդեն գիտես:
— Ո՞նց ես էնտեղ հայտնվել:
— Հերս ա տարել,- հայացքն Ավոյից փախցնելով` ասաց Ժանեթը,- երկու տարեկանից էնտեղ եմ եղել…
Ժանեթը մի քանի վայրկյան լռեց ու շարունակեց.
— … երկրաշարժի ժամանակ երկու տարեկան եմ եղել: Մայրս ու քույրերս փլատակների տակ մեռել են, ես էլ եմ մնացել փլատակների տակ, երեք օր հետո են գտել: Մենք մեր տունը կորցրել էինք, հայրս չէր կարողանում պահել, կերակրել ինձ: Տարավ մանկատուն, խոստացավ, որ կգա հետևիցս, խոստացավ, որ շուտ կգա: Ես ո´չ երկրաշարժն եմ հիշում, ո´չ մորս, ո´չ քույրերիս: Էդ օրերից միայն հորս ձայնն եմ պարզորոշ հիշում, դեմքը` չէ, միայն ձայնը, երբ խոստացավ, որ անպայման կվերադառնա: Էդպես էլ չվերադարձավ
Ավոն հոր ձայնը հիշեց, այն ձայնը, որ միշտ ականջին էր:
— Հետո,- շարունակեց Ժանեթը,- երբ արդեն դուրս էի եկել մանկատնից, գտա հորս: Բոմժի պես մի բան ա դարձել: Չեմ գնում տեսնելու, բայց փող եմ ուղարկում, որ սովից չմեռնի:
Ժանեթն այնքան հանգիստ էր պատմում: Անգամ դեմքի մկանները չէին շարժվում: Ավոն դատարկ սուրճի բաժակն էր խմում, երբ Ժանեթը պայուսակից մի ծալած թուղթ հանեց:
— Հաշիշ ծխե՞նք,- ասաց` թուղթը բացելով:
— Չգիտեի, որ օգտագործում ես:
— Օգտագործում… ինչ էլ բառեր ես ասում: Հազարից մեկ` նյարդերս հանգստացնելու համար: Հուսամ` ողբերգություն չես սարքի:
— Չեմ սարքի, լցրու:
Լույսը շուտով կբացվեր: Ժանեթի մարմինն Ավոյի ձեռքերը վառելու չափ տաք էր: Ժանեթի մարմինը ցնցվում էր: Ժանեթի մարմինը հրաշալի էր:

#6 բոլոր կարևոր հարցերը որոշվում են շոգեբաղնիքում

Հացադուլը դադարեցնելու չորրորդ օրը Սայլակավորը վերադարձել էր կենտրոնական հրապարակ: Համակիրներն, իհարկե, քչացել էին, նստացույցն առաջվա թափը չուներ, շատերը ձանձրացել էին, մյուսներն ավելի հետաքրքիր զբաղմունք էին գտել, բայց երկրի պարապներից առնվազն հարյուրը միշտ էնտեղ էին: Պայմանավորվածության մեկ շաբաթը լրանալու օրը` վաղ առավոտյան, պատգամավորը զանգեց Ավոյին ու ասաց, որ երեկոյան յոթին նրա հետևից մեքենա կուղարկի: Ավոն արթնացրեց Նարեին:
— Սուրճ չեմ սարքելու,- ասաց կինն ու էլի փակեց աչքերը:
— Սուրճ չեմ ուզում, կարևոր խոսելիք կա:
— Արդեն խոստումնալից ա: Սուրճ սարքի, հիմա կգամ:
Ավոն Նարեին պատմեց պատգամավորի առաջարկի մասին ու ասաց, որ երեկոյան պիտի հանդիպեն:
— Ինձնից ի՞նչ ես ուզում լսել,- հարցրեց Նարեն:
— Չգիտեմ` համաձայնեմ, թե չէ: Համոզված եմ, որ էդ թերթը սեփական անձը գովազդելու համար ա բացում: Նարե´, ես լավ ժուռնալիստ եմ:
Նարեն մի պահ խղճաց ամուսնուն: Ավոն տան ճանապարհը կորցրած անպաշտպան երեխայի էր նման:
— Ես գիտեմ, որ դու լավ ժուռնալիստ ես,- ժպտաց Նարեն ու բռնեց Ավոյի ձեռքը,- եթե սրտովդ չի, գրողի ծոցը կորցրու էդ պատգամավորին էլ, թերթն էլ, ես դեռ խնայողություններ ունեմ, կապրենք, մինչև քո ուզած գործը գտնես:
Ավոն էլ ժպտաց:
— Քեզ թվում ա` ես կթողնեմ, որ դու ինձ պահե՞ս:
— Պահե՞մ,- Նարեն ծիծաղեց,- ատամներով, Ավո´, ատամներով:

Երեկոյան յոթին մի սև, երկար մեքենա` սև, երկար վարորդով, սպասում էր Ավոյին:
Վարորդն ամբողջ ճանապարհին լուռ էր, տպավորություն էր, որ նրան արգելել էին խոսել: Նրա փոխարեն մեքենայի ձայնարկիչից կնոջ ձայնով մի տղամարդ հայրենիքի մասին էր ոռնում, ինքն էլ ձեռքերով ինքնամոռաց թխկթխկացնում էր ղեկին:
— Որ խնդրեմ, կցածրացնե՞ք,- ասաց Ավոն
— Հարց չկա, ախպե´րս, պետք ա` լրիվ անջատեմ:
— Հա´, պետք ա:
Սև ու երկար վարորդով սև ու երկար մեքենան Ավոյին տարավ քաղաքի ծայրամասում գտնվող մի շոգեբաղնիք, որտեղ նրան սպասում էր պատգամավորը` արդեն բավականաչափ խմած, հագին` սպիտակ խալաթ, գլխին էլ ինչ-որ անհասկանալի առարկա` հավանաբար մազերը (որ վաղուց չուներ) ջրից պաշտպանելու համար: Լողավազանում երկու սիրունատես աղջիկներ էին լողում, երբեմն ինչ-որ բաներ փսփսում ու ծիծաղում: Պատգամավորի հետ մի փողկապավոր երիտասարդ էր նստած, ում պատգամավորը, Ավոյի ներս մտնելուց անմիջապես հետո, ասաց` «սիկտիր էղի»: Ավոն սուրճ խմեց, մտավ հանդերձարան, խալաթ հագավ ու վերադարձավ: «Էդ խալաթը տոչնի վրովդ ա, ախպե´ր»,- ասաց պատգամավորն ու հռհռաց իր կատակից: Կես ժամ կամ քառասուն րոպե հետո, երբ աղջիկները դուրս եկան լողավազանից, պատգամավորը նրանց ասաց, որ մտնեն ջուրը, շարունակեն լողալ ու չխանգարեն իրենց խոսակցությանը:
— Հո ձո՞ւկ չենք, մի ժամ ա` ջրի մեջ ենք, ցուրտ ա,- ասաց նրանցից մեկը:
Պատգամավորը բարկացավ, բաժակում եղած օղին լցրեց աղջկա դեմքին ու բղավեց.
— Թափով մտեք ջուրը, արա´:

… Աշխատանքից հետո Լևոնը Նարեին սուրճի հրավիրեց: Կոնսերվատորիայից քայլեցին կենտրոնական հրապարակի կողմ: Մի քիչ զբոսնեցին ու մտան սրճարան: Եթե միայն Ժանեթն իմանար` ում է սպասարկում…
— Ավոյին լավ աշխատանք են առաջարկել, մեջն էլ ահագին փող կա,- սկսեց Նարեն,- բայց ոնց որ սիրտը կախ ա: Առավոտից տեղը չէր գտնում:
— Նարե´, դու Ավոյին սիրո՞ւմ ես:
— Էլի հին երգը… արի ուրիշ բանից խոսենք, կլինի՞:
— Կլինի:
— Էն մեղեդին, էն որ չեմ հիշում` որտեղից գիտեմ, ուզում եմ ձայնագրել: Վախենում եմ` մի օր արթնանամ, ու մտքիցս թռած լինի, ոչ մի նոտա չհիշեմ…
Ժանեթն իր սովորական ժպիտով երկու սուրճ բերեց: Նարեն պատասխան ժպտաց ու շարունակեց.
— … սկզբում մտածում էի` կարելի ա մի քիչ փոխել, բայց հետո փոշմանեցի. էդպես կարող ա ուրիշ մեղեդի ստացվել:
— Լա՞վն է,- կարծես թքած ունենալով Նարեի ոգևորության վրա` հարցրեց Լևոնը:
— Ի՞նչը:
— Մատուցողուհին:
— Ի՞նչ մատուցողուհի:
— Նարե´, մեր մատուցողուհին,- գլխով Ժանեթին ցույց տալով` ասաց:
— Ես կանանց լավն ու վատը չեմ տարբերում:
— Կարևորն ամուսինդ ա լավ տարբերում:
Նարեի նյարդերը տեղի տվեցին:
— Բան ես ուզում ասես` միանգամից ասա:
Լևոնը Նարեի ծխախոտատուփից մի գլանակ վառեց:
— Շշուկներ կան, որ Ավոն սրա հետ ա ֆռֆռում:
— Ախ, շշուկներ կան,- հեգնեց Նարեն ու շարունակեց,- լսի, Լևո´ն, որ ինձ ես հետևում, դեռ հասկանում եմ, բայց չե՞ս կարծում, որ Ավոյին հետևելը չափից դուրս ա:
— Ավոյիդ մասին շատ բարձր կարծիքի ես. բան ու գործ չունեմ, պիտի Ավոյի՞ն հետևեմ: Հրապարակում պատահական տեսել եմ մի քանի անգամ, էդքանը:
Նարեն դիմացը դրված ջրի բաժակից մեծ կում արեց:
— Հիմարի մեկն ես,- մարմնով մոտեցավ Լևոնին,- ամեն բան փչացրիր:
— Փչացրի՞:
— Ըհը, փչացրիր: Քիչ էր մնում` քնեի հետդ, բայց ամեն ինչ արեցիր, որ սիրտս խառնի քեզանից:
Լևոնի շնչառությունն արագացավ, ծիծաղելի տեսք ուներ: Նարեն ավելի մոտեցավ նրան: Կողքի սեղանների հաճախորդներին թվաց, թե համբուրվում են:
— Քո արածը սովորական բոզություն ա, Լևո´ն, դու Ավոյի եղունգն էլ չարժես:
Նարեն վեր կացավ տեղից, աթոռից վերցրեց վերարկուն ու քայլեց դեպի մուտքի դուռը: Ժանեթը, սկուտեղը ձեռքին, դուրս եկավ նրա դիմաց:
— Ավոն վատ ճաշակ չունի,- աչքերի մեջ նայելով` երեսին շպրտեց Նարեն:
— Ի՞նչ,- Ժանեթին թվաց` սխալ է լսել:
— Լավիկն ես, բայց սառը կերպար ես երևում:
— Դուք ո՞վ եք,- բառերը դժվարությամբ կոկորդից հանեց Ժանեթը,- ի՞նչ եք ուզում:
— Անկողնում մի քիչ շատ շարժվիր, Ավոն տախտակներին չի սիրում:
Նարեն լկտի քմծիծաղ տվեց, շոյեց Ժանեթի մազերն ու դուրս եկավ սրճարանից: Ժանեթը դեռ մի քանի րոպե պիտի սկուտեղը ձեռքին անշարժ կանգներ, քանի դեռ տնօրենը նկատողություն չէր արել:

… Ավոն համաձայնեց դառնալ պատգամավորի թերթի խմբագիրը` պայմանով, որ սեփական որոշումներում ազատ է լինելու: Շոգեբաղնիքում, փաստորեն, կայացավ Ավոյի կյանքի ամենակասկածելի գործարքը: Լուսաբացին սև, երկար վարորդով սև, երկար մեքենան նրան տուն հասցրեց: Մինչև տուն բարձրանալը շքամուտքի դիմաց ծխեց ու հիշեց իր ընկեր աթեիստ Գարեգինին, ով մի առիթով ասել էր` «էս երկրի ամենակարևոր հարցերը սաունաներում են լուծվում»:

#7 Ավո` սովորական մեկը

Շոգեբաղնիքի ձեռքսեղմումից մի ամիս անց լույս տեսավ թերթի առաջին համարը: Լրագրողներից շատերը, հատկապես նրանք, ում կոկորդին երբևէ կանգնած էր եղել Ավոն, ջանք ու եռանդ չխնայեցին նրան սևացնելու համար: Գրում ու խոսում էին, որ երբեմնի ամենասուր ու ուղղախոս լրագրողը դարձել է պալատական գրագիր: Ավոյի համար, իհարկե, միևնույն էր` ինչ են մտածում նրանք, ովքեր երբեք չեն փայլել մտածել իմանալով, բայց նաև հասկանում էր, որ ծանր բեռան տակ է մտել:
Ժանեթն Ավոյին ոչինչ չասաց Նարեի հետ հանդիպման մասին, Նարեն նույնպես ոչինչ չպատմեց: Խմբագրության գործերն, ուրեմն, արդեն հունի մեջ էին: Թվում էր` Ավոյի մոտ ամեն բան պիտի հանգիստ ու ներդաշնակ լիներ, սակայն այդ օրերին նա բաց նյարդի պես էր: Սայլակավորի նստացույցը գրեթե դադարել էր, հրապարակում երեսուն-քառասուն երիտասարդներ էին մնացել ու մի քանի մորուքով ազատամարտիկներ, ովքեր ամեն անցնող-դարձողին երեսով էին տալիս գրեթե երեք տասնամյակ առաջ իրենց պատերազմ գնալը: Սայլակավորն, ի տարբերություն նրանց, երեկոները տուն էր գնում ու վերադառնում հաջորդ առավոտյան:

Ավոն ավարտեց աշխատանքն ու որոշեց քայլել: Դեռ չէր մթնել: Անցավ սրճարանի մոտով, բայց ներս չմտավ. չուզեց հանդիպել Ժանեթին: Սայլակավորը, առաջնորդի` իբր համեստ ու խոսուն ժպիտը երեսին, զրուցում էր իրենով արած ազատամարտիկների հետ: Ավոն ընկնելու պես նստեց նստարաններից մեկին, որ ծխի: Սայլակավորն, Ավոյին նկատելով, խնդրեց երիտասարդներից մեկին իրեն նստարանի մոտ տանել:
— Բարև, Ավո´ ջան,- ասաց ու մեկնեց ձեռքը,- մտախոհ ես երևում:
Ավեն սեղմեց Սայլակավորի ձեռքը:
— Չէ´, ուղղակի հոգնած եմ:
— Հա´, հոգնած կլինես, խմբագրի գործը հեշտ չի:
Ավոն հասկացավ Սայլակավորի հեգնանքը, բայց ձևացրեց, թե չի նկատել:
— Տարօրինակ տղա ես, ա´յ Ավո,- շարունակեց Սայլակավորը,- թերթդ մի ամիս ա` տպվում ա, մի անգամ էստեղ հավաքված մարդկանց մասին մի նյութ չգրեցիք:
— Տեսնում եմ` մեր թերթը պարտաճանաչ կարդում ես,- ժպտաց Ավոն:
— Ես բոլոր թերթերն եմ պարտաճանաչ կարդում, բա չիմանա՞նք` ժողովուրդը մեր մասին ինչ ա մտածում:
— Դու չգիտե՞ս, որ թերթերում գրածները երբեք չեն համընկնում ժողովրդի մտածածի հետ:
Սայլակավորն իրեն Ավոյի մոտ ուղեկցած երիտասարդին գլխով հասկացրեց, որ իրենց առանձին թողնի:
— Ավո´, բայց ժողովուրդը քեզ հարգում էր,- ասաց Սայլակավորը, երբ արդեն մենակ էին մնացել:
— Հիմա չի՞ հարգում:
— Մոտեցիր էս մարդկանցից ցանկացածին, ինքդ հարցրու,- հաղթողի կեցվածք ընդունած` նետեց Սայլակավորը:
Ավոն ծխախոտը շպրտեց ասֆալտին: Աղբամանը հենց կողքին էր, բայց գետնին շպրտեց: Նյարդային ու մի քիչ պարտված մարդիկ փորձում են ժեստերի միջոցով ուժեղ երևալ, նման մի դրություն էլ Ավոյի մոտ էր: Երկար դադար տվեց, նայեց Սայլակավորի աչքերին ու հարցրեց.
— Սրա՞նք են ժողովուրդը, էս քառասուն-հիսուն հոգի՞ն:
Սայլակավորը քմծիծաղ տվեց:
— Քեզ էլ առան, Ավո´, քեզ էլ առան: Ափսոս էիր:
Ավոն վեր կացավ նստարանից:
— Մոռացե՞լ ես` ում հետ ես խոսում, ա´յ կապիկ:
Սայլակավորն, Ավոյի հավասարակշիռ բնավորությունն իմանալով, նման արձագանք չէր կարող ակնկալել: Փորձեց ինչ-որ բաներ կմկմալ, բայց Ավոն թույլ չտվեց:
— Սրանից հետո խոսելուց առաջ ահագին ծանր ու թեթև արա, մյուս անգամ էդ վզիդ պլակատը կկոխեմ ոռդ:
Սայլակավորն ատելություն արտահայտող աչքերով նայում էր Ավոյին: Ցուցարարներից մի քանիսը, նկատելով, որ մի բան այն չէ, մոտեցան նրանց, բայց «առաջնորդն» ասաց, որ ամեն բան կարգին է: Ապա դարձավ Ավոյին.
— Լավ կլինի` հիմա գնաս, Ավո´, մի ուրիշ անգամ կխոսենք:
— Աշխատի` էնպես անես, որ էդ ուրիշ անգամը չլինի, թե չէ կարող ա ստիպված քայլելով գնաս տուն:
Ավոն ոտքով հասավ խմբագրություն, որ վերցնի մեքենան: Հետո զանգեց կնոջը, բայց հեռախոսն անջատված էր: «Վերջին անգամ շատ վաղուց եմ Նարեին զանգել,- բարձրաձայն մտածեց ու ժպտաց,- գուցե համարն ա փոխել»:

Երբ Նարեն դուրս եկավ Կոնսերվատորիայի շենքից, արդեն մթնել էր: Լևոնն, իբր պատահական, նկատեց Նարեին ու մոտեցավ:
— Բարև,- ասաց,- գործդ վերջացրի՞ր:
— Բարև… ու ցտեսություն: Շտապում եմ:
Նարեն մի քանի քայլ գնացել էր արդեն, երբ Լևոնը հասավ նրա հետևից ու թևը բռնեց:
— Պիտի խոսենք:
— Թևս թող, տխմա´ր,- Նարեն նյարդային շարժումով ազատվեց Լևոնի ձեռքից,- հաջորդ անգամ չհամարձակվես:
— Արի մի տեղ նստենք, հանգիստ խոսենք,- Լևոնը չէր ընկրկում,- ինձ համար էդ խոսակցությունը շատ կարևոր ա:
— Իսկ ես թքած ունեմ քո բոլոր կարևոր բաների վրա, ինձ հանգիստ թող:
Այդ պահին մեքենայի կտրուկ արգելակման ձայն լսվեց: Նարեն ճանաչեց ամուսնու մեքենան: Ավոն իջավ, իրեն հատուկ (վերջին օրերին գուցե ոչ այդքան հատուկ) հանդարտությամբ համբուրեց կնոջն ու ասաց.
— Չե՞ս ուզում ընկերոջդ հետ ծանոթացնել:
— Լևոնն ա` մեր ամբիոնի ղեկավարը,- կմկմաց Նարեն,- Լևո´ն, ամուսինս ա` Ավոն:
Լևոնը պարզեց ձեռքն ու ասաց.
— Ուրախ եմ ծանոթանալ, շատ եմ լսել Ձեր մասին:
Լևոնի հանդեպ Նարեի նողկանքը հասավ բարձրակետին:
— Իմ մասին բոլորն են շատ լսել,- Լևոնի ձեռքն օդում թողնելով` նույն հանգստությամբ պատասխանեց Ավոն,- բայց դու էնպես արա, որ ես քո մասին այլևս չլսեմ:
Ավոն նստեց մեքենան, կինը հետևեց նրան: Նարեին ակնհայտորեն հաճելի էր ամուսնու անսպասելի հայտնվելը:
— Կարծում ես` հասկացա՞վ,- մեքենայի շարժիչը գործի գցելով` հարցրեց Ավոն:
— Համոզված եմ,- Նարեն երեխայի պես ժպտաց:
— Իսկ ես էդքան էլ համոզված չեմ:
Ավոն հետընթացով Լևոնին շպրտեց մի քանի մետր այն կողմ ու դուրս եկավ Կոնսերվատորիայի բակից այնպես, ասես ոչինչ չէր եղել: Ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ մինչև մարդիկ կմոտենային ու օգնություն ցույց կտային Լևոնին, Ավոն արդեն դուրս էր եկել հիմնական ճանապարհ: Նարեն վախից կամ զարմանքից քար էր կտրել: Երկու-երեք րոպե պետք եկավ, որ վերականգնվեր նրա խոսելու ունակությունը:
— Ի՞նչ արեցիր, Ավո´:
— Հանգստացիր, լուրջ բան չկա, շատ-շատ ոտքը կոտրած լինի:
Նարեն չէր ճանաչում ամուսնուն:
— Եթե աշխատանքիդ համար ես մտածում,- շարունակեց Ավոն,- դարդ մի արա, չեմ թողնի` քեզ գործից հանեն:
— Ի՞նչ աշխատանք, գժվե՞լ ես: Մտածում եմ, որ կարող ա ոստիկանություն զանգի: Այսինքն, չեմ մտածում, վստահ եմ:
Ավոն ժպտաց:
— Թող զանգի, կասեմ` չնկատեցի: Դե, գիտես, ոստիկաններն ինձ շատ են սիրում, միանգամից կհավատան:
— Ավո´, մենք մարդ ենք գցել մեքենայի տակ:
— Մենք չէ, ես: Ու հետո դա մեքենայի տակ մարդ գցել չի, ուղղակի չնկատեցի, դե, ես մանրուքները չեմ նկատում:
— Բայց դա չաղ, խոշոր մանրուք էր, օրենքով պիտի նկատեիր,- Նարեն վերջապես ծիծաղեց:
Ավոյի պահվածքը տարօրինակ էր անգամ իր համար, ուր մնաց Նարեն չզարմանար:
— Վաղո՞ւց եք հանդիպում,- մի քանի վայրկյան տևած լռությունից հետո հարցրեց Ավոն:
— Հանդիպո՞ւմ: Հիմար բաներ ես խոսում: Ես արդեն տասնմեկ տարի ա` քեզ հետ եմ հանդիպում: Ճիշտ ա` գրեթե չեմ հանդիպում, բայց դա կապ չունի:
Ավոն ոչինչ չխոսեց:
— Կկանգնեցնե՞ս մեքենան,- ասաց Նարեն:
— Ինչի՞ համար:
— Կանգնիր, խոսենք:
— Ինչքան հիշում եմ, մենք տուն ունենք, կարող ենք էնտեղ խոսել:
— Ես հիմա եմ ուզում: Հենց սրճարան տեսնես, կանգնիր:
Ավոն մեքենան կայանեց առաջին պատահած սրճարանի մոտ: Չէր էլ հիշում` երբ էր վերջին անգամ կնոջ հետ սրճարան գնացել:
Ավոն ռոմ պատվիրեց, Նարեն` վիսկի ու կրկնակի սուրճ:
— Քեզ էնպես կգրկեի, Ավո´,- ժպտաց Նարեն,- Լևոնի հաշվով չէ, ուղղակի: Փոքր երեխայի ես նման:
— Ասա:
— Ի՞նչ ասեմ:
— Չէի՞ր ասում` ուզում ես` խոսենք: Խոսիր:
— Ստում էի: Ուղղակի ուզում էի հետդ մի քիչ խմել:
— Ուրեմն խմիր,- Ավոն վերցրեց բաժակը, խփեց Նարեի բաժակին ու խմեց:
Երկուսն էլ չտեսի նման բաժակի ամբողջ պարունակությունը կուլ տվին: Նարեն նշան արեց, որ պատվերը կրկնեն ու դարձավ Ավոյին.
— Հիմա որ քեզ վրաերթի համար բռնեն, վիճակդ ավելի կլրջանա, կասեն` խմած ես եղել:
— Բայց լավ թռավ, չէ՞, էդ Չայկովսկին- ծիծաղեց Ավոն:
— Հա, ոնց որ հատուկ աներ,- Նարեն էլ ծիծաղեց:
Մինչև կեսգիշեր խմեցին: Այդ ընթացքում Ավոն ոչ մի վայրկյան չմտածեց Ժանեթի մասին:
— Դո՞ւրս գանք,- հարցրեց Ավոն, երբ նկատեց, որ սրճարանում միայն իրենք են մնացել:
— Չէ´, դուրս չգանք:
— Մենակ մենք ենք մնացել:
— Ավելի լավ:
Ավոն էլի խմիչք պատվիրեց: Նարեն արդեն չէր կարողանում խմել: Ձևական մի կում արեց վիսկիից ու թե´ իր, թե´ ամուսնու համար անսպասելի հարցրեց.
— Ժանեթի հետ ամեն ինչ լո՞ւրջ ա:
Նարեի հարցն Ավոյի համար սառը ցնցուղ էր: Ոչինչ չպատասխանեց:
— Խոսիր, կհասկանամ քեզ,- պնդեց Նարեն:
Ավոն սթափվեց, կարծես ոչ մի կաթիլ խմած չլիներ: Հավաքեց ուժերն ու հարցրեց.
— Որտեղի՞ց գիտես Ժանեթի մասին:
Նարեն դառը ժպտաց:
— Գիտե՞ս` մեր խնդիրը որն ա, Ավո´, մեր խնդիրը երևի ես եմ: Ես ամեն ինչում ու անընդհատ քեզ եմ մեղադրել: Մեր ընտանիքը չստացվեց, քեզ մեղադրեցի, երեխա չունեցանք, քեզ մեղադրեցի, չհիշեցի` որտեղից եմ հիշում էն գրողի տարած մեղեդին, քեզ մեղադրեցի…
— Ի՞նչ մեղեդի:
— Էդ բոլորի մեջ մենակ մեղեդի՞ն լսեցիր… Տես, էդ բոլորի մեջ մենակ մեղեդին լսեցիր, էլի քեզ եմ մեղադրում: Ես ոչ մի տեղ իմ մեղքը չեմ տեսնում:
Ավոն Նարեի մարմինը մոտեցրեց իրեն: Նարեն, գլուխն ամուսնու ուսին հենած, լաց էր լինում: Հետո տուն գնացին: Ավոյին տասնմեկ տարի ու մի գարնանային երեկո պետք եղավ հասկանալու համար, որ Նարեն կարգին ընկեր է:

#8 հանգստյան օր

Ժանեթի հանգստյան օրն էր: Բավականին վաղ էր արթնացել: Տնով մեկ քայլում էր ու մտմտում, թե ինչով կարելի է զբաղվել: Ավոյին զանգել չցանկացավ: Տանը մնալ էլ չէր ուզում: Հեռուստացույցից Սայլակավորի ձայնն էր լսվում, ասում էր, որ երեկոյան մեծ հանրահավաք է լինելու, երկրի ճակատագիրն է վճռվելու: Ժանեթը ժպտաց` պատկերացնելով, թե ինչքան կծիծաղեր Ավոն, երբ լսեր դա: Դե, եթե անելիք չկա, հանրահավաքը լավագույն տարբերակն է` մտածեց ու մի մեծ, գրեթե ճամփորդական պայուսակ ուսած` դուրս եկավ տնից:
Սովորական երկրի բոլոր անկյուններից մարդիկ եկել, հավաքվել էին կենտրոնական հրապարակում: Սայլակավորի ոչ մի հանրահավաքի ժամանակ, նույնիսկ, երբ հացադուլի էր նստած, հրապարակն այսքան բազմամարդ չէր եղել: Ցուցարարներից մեկը` ամենաակտիվը, ամեն կլոր ժամի բարձրանում էր հարթակ ու հանդարտության կոչեր անում, ասում էր, որ ցույցը պիտի խաղաղ բնույթ կրի, և ոստիկանության սադրանքներին ոչ մի գնով չի կարելի տրվել: Ժանեթը մոտեցավ կրպակին ու ծանոթ վաճառողուհուց պաղպաղակ գնեց: Այդ կրպակը երևի ամբողջ տարվա ընթացքում չէր ունենում այնքան շրջանառություն, որքան այդ օրն ունեցավ: Տարբեր քաղաքներից եկած, խմբված մարդիկ իրար մեջ փսփսում էին, որ երեկոյան շատ կարևոր բան է կատարվելու: Ամբոխը րոպե առ րոպե ավելի բազմամարդ էր դառնում, ոստիկանների թիվն աճում էր, տեղ-տեղ փոքրիկ բախումներ էին լինում, բայց Սայլակավորի օգնականներն արագ հանդարտեցնում էին իրավիճակը: Մի կարճլիկ, գիրուկ կին, տեսնելով Ժանեթի ձեռքի պաղպաղակը, նրան նկատողություն արեց: Երևի երկրի համար կարևոր ու նվիրական պահերին, երբ հող ու ջուր սիրելու համաճարակն այնչափ է ուժգնացել, որ մեծ, ընդարձակ հրապարակում կանգնելու տեղ չի ճարվում, պաղպաղակ ուտելն աններելի մեղք է կամ ամենաքիչը` պետական դավաճանություն: Պաղպաղակի հետ հաշիվները մաքրելուց հետո Ժանեթն առաջացավ դեպի նոր կառուցած հարթակը, որտեղ իր սայլակով արձանի պես «տեղադրված» էր գլխավոր ցուցարարը: Մի մանկահասակ տղա, անընդհատ ոտնատակ ընկնելով, հարթակի կողմն էր առաջանում: Ժանեթը հեռվից նկատեց, որ երեխան ծաղիկներ է վաճառում, տեսավ նաև, որ ցուցարարներից մեկը` միջին տարիքի մի տղամարդ, վեճի է բռնվել նրա հետ ու որոշեց մոտենալ:
— Ո՞ւմ եմ խանգարում,- ասաց տղան,- իմ համար խելոք ծաղիկ եմ ծախում:
Ցուցարարը փորձեց խլել երեխայի ձեռքի վարդերը, ըստ երևույթին, փչացնելու կամ գետնին շպրտելու համար: Տղան հետ քաշեց ծաղիկները, մի քանի քայլ հետ գնաց ու համարյա բղավելով` ասաց` «բոզի տղա»: Փախչել, սակայն, չհասցրեց: «Երեխաների ապագայի համար» հանրահավաքի եկած ցուցարարը բռնեց տղայի շապիկից ու մի ձեռքով գետնեց նրան:
— Ի՞նչ ես անում, անասո´ւն,- նրանց հասնելով` ասաց Ժանեթն ու փորձեց երեխային բարձրացնել:
— Քո՞ լակոտն ա: Վերցրու ու գնացեք էստեղից, սարքել եք շուկա, չեք էլ ամաչում:
Ժանեթը նողկանքով նայեց ցուցարարին, թափ տվեց տղայի շորերն ու հավաքեց գետնին ընկած ծաղիկները:
— Հիմա մտնենք սրճարան, լվացվիր, հա՞,- ցուցարարից բավականաչափ հեռանալուց հետո ասաց:
— Չեմ ուզում, ինձ ոչ մի բան էլ չի եղել: Բայց դրա գլուխը ջարդելու եմ:
— Էդ հետո, մի ուրիշ անգամ անպայման կջարդես: Ոչ մի տեղդ չի՞ ցավում:
— Չէ´: Լավ ա` ծաղիկներիս բան չեղավ:
Տղայի ձեռնափը քերծվել էր, դեմքն էլ մի փոքր քսվել էր ասֆալտին, բայց չէր վնասվել:
— Ծանոթանա՞նք,- ժպտաց Ժանեթը:
— Ես քեզ ճանաչում եմ,- վրա բերեց տղան,- դու էն կոֆե ծախող աղջիկը չե՞ս:
Ժանեթը ծիծաղեց:
— Համարյա: Ուղղակի, ես ոչ թե ծախում եմ էդ կոֆեն, այլ մատուցում:
— Էդ ո՞րն ա:
— Դե, ես միջնորդ եմ ծախողի ու առնողի միջև:
Տղան, իհարկե, ոչինչ չհասկացավ Ժանեթի բացատրածից, բայց Ժանեթը կարծես նրան դուր էր եկել: Վարդերից մեկն առանձնացրեց ու մեկնեց Ժանեթին:
— Էս քեզ:
— Նվիրո՞ւմ ես:
— Հա´:
— Բա բիզնեսդ դրանից չի՞ տուժի:
— Որ տուժեր, չէի նվիրի:
Ժանեթը վերցրեց ծաղիկն ու մի պահ անբացատրելի տաք, հարազատ զգացողություն ունեցավ: Նրան թվաց, թե փոքրիկին ամբողջ կյանքում ճանաչել է:
— Ես Ժանեթն եմ,- ասաց ու մեկնեց ձեռքը:
— Ո՞վ ես,- փոքրիկ ծաղկավաճառը, հավանաբար, առաջին անգամ էր նման անուն լսում:
— Ժանեթը: Կարո՞ղ ա ձեր բակում էլ ա Ժանեթ անունով շուն եղել, հետո սատկել:
— Չէ´, մեր բակում Ժանեթ անունով շուն ոչ եղել ա, ոչ էլ սատկել:
— Հիմա ձեռքս օդո՞ւմ ես թողնելու:
Տղան մեծի պես համբուրեց անծանոթուհու ձեռքը: Ժանեթն ամեն բան արեց, որ ծիծաղը զսպի, բայց չկարողացավ:
— Բայց դու քո անունը չասացիր:
— Ես Լոշտն եմ,- հպարտորեն ասաց տղան:
— Հետո էլ իմ անունից եք բողոքում: Լո´շտ, իսկ կարելի՞ է քեզ սրճարան հրավիրել:
— Չէ´, չե՞ս տեսնում` գործի մեջ եմ: Տասներկու հատ ծաղիկ ա մնացել, պիտի ծախեմ:
— Ուրեմն, արի միասին արագ վաճառենք:
— Բայց ո՞նց: Ոչ մեկը չի առնում:
— Էնպես կանենք` կառնեն: Մոռացա՞ր` ես կոֆե ծախող աղջիկն եմ, ծաղիկն ի՞նչ ա` չծախենք,- Ժանեթը բռնեց տղայի ձեռքն, ու քայլեցին հարթակի կողմ:
Սայլակավորին իջեցրել էին ներքև, որ խոսի լրագրողների հետ: Տեղական հեռուստակայաններից մի քանիսն ուղիղ հեռարձակում էին կազմակերպել: Սայլակավորը համբերատար ու ժպիտով պատասխանում էր լրագրողների հարցերին, ասում էր, որ երեկոյան որոշվելու է սովորական երկրի ապագան, և որ ինքը պատրաստվում է վերջնագիր ներկայացնել պրեզիդենտին: Ասում էր, որ եթե պրեզիդենտը երեկոյան հրաժարական չտա, նա ու իր համախոհները կգնան ծայրահեղ քայլերի: Թե ում հաշվին էին կատարվելու այդ քայլերը կամ ումից էր ստացել այդ քայլերն անելու իրավունքը, միայն ինքը գիտեր ու գուցե նաև պրեզիդենտը: Այդ օրերին սրճարաններում, շքամուտքերի դիմաց ու բակերի զրուցարաններում խոսվում էր, որ Սայլակավորն ու պրեզիդենտը գաղտնի համաձայնություն ունեն, և որ պրեզիդենտը ոչ միայն տեղյակ է մասնագիտությամբ ցուցարար այս մարդու բոլոր գործողություններից, այլև ինքն է թելադրում այդ գործողությունների հաջորդականությունը:
Ժանեթն ու Լոշտը հարթակին հասան այն ժամանակ, երբ Սայլակավորը պատասխանում էր արտասահմանից ժամանած մի լրագրողուհու հարցին:
— Լո´շտ,- չարաճճի ժպիտով դիմեց Ժանեթը,- ես ոնց որ թե գլխի եմ ընկնում` ով կառնի մեր ծաղիկները: Հիմա ինչ որ ասեմ, առանց հարցեր տալու կանես, լա՞վ: Մոտենում ես էն սայլակի վրա նստած մարդուն ու վստահ, բարձր ձայնով խնդրում ես, որ ծաղիկներդ գնի:
— Բա որ չթողնե՞ն` մոտենամ:
— Ուրեմն, աննկատ մոտեցիր, էնպես արա, որ մինչև էդ մարդուն հասնելն աչքի չընկնես:
Մի քանի ցուցարարի շրջանցելով` Լոշտը ճեղքեց լրագրողական պատն ու հասավ Սայլակավորին: Նրան տեսնելով` Սայլակավորը մի պահ շփոթվեց, բայց այնպես արեց, որ դա չնկատվի, և հաջորդ վայրկյանին լայն ժպտաց տղային:
— Լսում եմ, տղա´ս,- ասաց:
— Ծաղիկներս կառնե՞ք,- Ժանեթի դաստիարակած վստահությամբ հարցրեց Լոշտը:
Լրագրողները ժպտացին, նրանցից ոմանք բարձրաձայն ծիծաղեցին:
— Առեք, նվիրեք աղջիկներին:
— Ի՞նչ աղջիկներ,- Սայլակավորը նույնպես ծիծաղեց:
— Էս ժուռնալիստ աղջիկներին էլի: Կառնե՞ք:
Լոշտը վարդերը մեկնեց Սայլակավորին: Լոշտի առևտուրը տեսում էին ոչ միայն հրապարակում հավաքվածներն, այլև հեռուստացույցի առաջ նստած մարդիկ: Սայլակավորը կոստյումի ծոցագրպանից դուրս բերեց դրամապանակը, մի քսանհազարանոց թղթադրամ հանեց ու Լոշտին մեկնելով` հարցրեց.
— Սա բավակա՞ն է:
Լոշտը թռցրեց փողն ու իրենից գոհ ասաց.
— Հա, բա ո՞նց: Բարի ժամանց:
Տղան վազքով հասավ Ժանեթին:
— Հը, առա՞վ:
— Հա´: Քսան հազար դրամ տվեց, համարյա երկու անգամ շատ:
— Ընտիր ա,- Ժանեթը ծափ տալու նման ձեռքերն իրար խփեց ու գրկեց Լոշտին,- դե գնացինք սրճարան:
— Հա´, բայց փողը դու ես տալու, էս քսան հազարն ինձ պետք ա, հազար ծախս ունեմ:
— Հարց չկա, գնացինք:

Ժանեթն իր համար կրկնակի սուրճ պատվիրեց, Լոշտի համար` սենդվիչ ու խնձորի հյութ:
— Լո´շտ, ծնողներ ունե՞ս,- հարցրեց, երբ տղան վերջացրել էր ուտելը:
— Հա´, երկու հատ:
Լոշտի արտաբերած ամեն նախադասությունից հետո Ժանեթն առնվազն մեկ րոպե ծիծաղում էր:
— Իսկ սիրած աղջի՞կ:
— Հա´, Լուսոն ա: Մեր դպրոցից ա:
— Պատկերացնում եմ` ինչքան հաճախ ես Լուսոյին ծաղիկներ նվիրում:
— Չեմ նվիրում, ծախում եմ:
— Ա´յ տղա, ծաղիկը փողո՞վ ես տալիս սիրածդ աղջկան:
— Հա´,- հյութից մեծ կում անելով` ասաց Լոշտը,- սիրելը` սիրել, գործը` գործ: Բա դու սիրած տղա ունե՞ս:
— Հա´, ունեմ:
— Ինքն է՞լ ա կոֆե ծախող:
— Չէ´, Լո´շտ, ինքն ավելի լուրջ բաներ ա ծախում:
Լոշտը Ժանեթի ասածները չէր ըմբռնում, բայց իրեն լավ էր զգում աղջկա կողքին:
— Ժանե´թ, իսկ էդ մարդն ո՞վ ա, որ ծաղիկներս առավ:
— Ցուցարար ա, Լո´շտ ջան:
— Էդ ցուցարարներն ի՞նչ են անում:
— Ցույց են անում:
— Իրանց դրա համար փո՞ղ են տալիս:
— Մեկին տալիս են, մյուսին` ասում են` կտանք, չեն տալիս…
— Որ էս ցույցերը չէին սկսվել, լավ էր: Հրապարակում ծաղիկ էի ծախում, ոչ մեկը ոչ մի բան չէր ասում, հիմա ոչ միտինգ անողներն են թողնում գործ անեմ, ոչ էլ միլիցեքը:
— Սա ոչ միտինգ անողների հրապարակն ա, ոչ էլ միլիցեքի: Սա քո հրապարակն ա, Լո´շտ: Սրանից հետո, եթե որևէ մեկը քեզ կնեղացնի, կբերես ուղիղ կոֆե ծախող աղջկա մոտ: Պայմանավորվեցի՞նք:
— Պայմանավորվեցինք:

… Նարեի հանգստյան օրն էր: Քաղցրավենիք գնեց ու այցելեց Գոհարին: Միասին սեղան պատրաստեցին, մի քիչ գինի խմեցին, հերթապահ հարց ու պատասխան արեցին, հետո Գոհարն անսպասելի հարցրեց.
— Էլ չե՞ս սիրում Ավոյին:
Նարեն ձևացրեց, թե Գոհարի հարցի մեջ տարօրինակ ոչինչ չի նկատել:
— Ինչի՞ց վերցրիք, տիկի´ն Գոհար:
— Չգիտեմ, ուղղակի հարցրի:
— Սիրում եմ, շատ եմ սիրում: Ինքն էլ ինձ ա շատ սիրում:
— Ավոն, որքան մեծանում, էնքան հորն է նմանվում, Նարե´ ջան, հայրն էլ էր էդպիսին:
— Ինչպիսի՞ն:
— Նարե´,- չարաճճի երեխայի պես ժպտաց Գոհարը,- պայուսակումդ ծխախոտ չունե՞ս:
— Ունեմ:
— Բեր` ծխենք: Սիրտս ծխել ուզեց:
Նարեն բերեց ծխախոտատուփը, երկու ծխախոտ վառեց ու մեկը Գոհարին տվեց: Մի ամբողջ գլանակ լռելուց հետո Գոհարը վերջապես խոսեց.
— Ավոյի հոր պատերազմ գնալը ես մինչև հիմա ինձ չեմ ներել, Նարե´:
— Չե՞ք ներել:
— Հա´, չեմ ներել: Ես էի մեղավոր, որ գնաց:
— Ինչո՞վ էիք մեղավոր: Որ հետ չպահեցի՞ք:
— Չէ´: Որ ուղարկեցի:
— Բայց ասում էիք, որ միշտ դեմ եք եղել, մինչև վերջին րոպեն համոզել եք, որ չգնա:
— Նա չէր գնում հող ու հայրենիք փրկելու, նա գնում էր ինձ ապացուցելու, որ ավելի ուժեղ է, քան ես: Նրա տնից դուրս գալու պահից սկսած համոզված եմ եղել, որ չի վերադառնալու: Մինչև գնալն արդեն տեսել եմ` ոնց է մեռնում, ոնց է վերջին շնչում փոշմանում իր որոշման համար:
— Կարծում եք` փոշմանե՞լ ա:
— Համոզված եմ: Շատերը գուցե չեն փոշմանել, բայց նա…
— Տիկի´ն Գոհար,- ընդհատեց Նարեն,- եթե նույնիսկ Ձեզ ինչ-որ բան ապացուցելու համար ա գնացել, միևնույն ա, դա նրա սխրանքը չի փոքրացնում:
— Սխրա~նք,- հեգնական շպրտեց Գոհարը,- էդ սխրանքն ինձ ու որդուս համար կյանք արժեցավ:
— Խնդրում եմ` հարցս սխալ չհասկանաք, բայց ինչի՞ համար եք էս ամենն ինձ ասում:
Գոհարը ծանր հոգոց հանեց:
— Ավոն էլ պատերազմի բան չի: Ավոն կռվել չգիտի: Մի թող` կռիվ գնա: Սա ավելի դաժան պատերազմ է, Նարե´ ջան:
— Ի՞նչ պատերազմ:
— Ավոյի` ինքն իրեն հայտարարած պատերազմը:
Նարեն արձանացած լսում էր:
— Էն օրն էստեղ էր,- ձայնի հնչերանգն ասես արհեստականորեն ցածրացնելով` շարունակեց Գոհարը,- ասում էր` մա´մ, ես զզվում եմ ինձնից, հասկանո՞ւմ ես, Նարե´, ասում էր` մամա´, անում եմ բաներ, որոնց դեմ ամբողջ կյանքում կռիվ եմ տվել:
— Գիտեմ, տիկի´ն Գոհար, լավ գիտեմ: Էդ պատգամավորի մոտ աշխատանքի անցնելուց հետո շատ-շատ ա փոխվել:
— Դու իրենից ուժեղ ես, իրենից կամային ես, գուցե իրենից լավն ես… Նարե´, էնպես արա` Ավոն իրեն հզոր կարծի:
— Կգա՞ք դաշնամուրի մոտ, տիկի´ն Գոհար: Մի բան եմ ուզում նվագել, գուցե Դո՞ւք հիշեք էդ մեղեդին…

… Ավոյի հանգստյան օրն էր: Առավոտից տանն էր եղել, ոչնչով չէր զբաղվել, միայն խելքից դուրս սուրճ էր խմել ու հեռուստացույցով Սայլակավորի զառացանքները լսել: Տնից դուրս եկավ, մի քիչ քայլեց ու մտավ առաջին պատահած կիսանկուղային բարը: Ներսում, բացի վտիտ մարմնով ու ընդգծված այտոսկրերով բարապան աղջկանից, ոչ ոք չկար:
— Կարո՞ղ եմ նստել,- հարցրեց:
— Իհարկե,- ասաց աղջիկը:
— Հաճախորդ չկար, կարծեցի` չեք աշխատում,- թեթևակի ժպտաց Ավոն ու տեղավորվեց կանգնակի դիմաց դրված բարձր աթոռներից մեկին:
— Դե, էսօր ուժեղ միտինգ ա, բոլորն էնտեղ են, ես էլ էի ուզում գնալ, շեֆս չթողեց:
— Իսկ ինչի՞ համար էիք ուզում գնալ:
— Եսիմ, հետաքրքիր ա… ի՞նչ լցնեմ:
— Հա´, շատ հետաքրքիր ա… վիսկի:
Ավոն պարպեց ամբողջ բաժակն ու էլի պատվիրեց, հետո էլի: Շատ խմեց: Մի ժամից արդեն հաշիվը կորցրել էր, բայց նորից էր պատվիրում:
— Գուցե էլ պետք չէ՞,- վախվորած հարցրեց աղջիկը:
— Անունդ ի՞նչ ա,- Ավոն մի կերպ էր խոսում:
— Խորհուրդ կտամ` էլ չխմեք:
— Էս ի՞նչ երկար անուն էր,- խմեց բաժակի տակ մնացած մի քանի գրամն ու շարունակեց,- լսիր, աղջի´կ ջան, արդեն երկու կին կան էս փոքր երկրագնդի վրա, որ բան ու գործները թողած` ինձ հիմար խորհուրդներ տալով են զբաղված: Ուզում ես` երրո՞րդը լինես:
— Ես Ձեզ համար եմ ասում:
— Աշխարհի ամենամեծ լկտիությունը մարդուն իր կամքին հակառակ լավություն անելն ա, դա միշտ հիշի: Բայց մինչև հիշելդ խմածս հաշվի, գնամ:

Երեկոյի սառն օդը մի փոքր ուշքի բերեց Ավոյին: Ճիշտ է, անզեն աչքով անգամ նկատելի էր, որ լավ օրի չէ, բայց քայլել ու նույնիսկ փողոց անցնել կարողանում էր: Քայլում էր երկար, անվերջանալի պողոտան ի վար ու փորձում հասկանալ` որտեղ է սխալվել: Որտե՞ղ սայթաքեց, որտե՞ղ թույլ տվեց էս գրողի տարած կյանքին խճճել իրեն այնքան, որ էս օրն ընկնի: Սեփական վախերից եղավ գուցե, իր հնարած վախերից, իր ստեղծած իրականությունից: Իրակա՞ն էր էդ իրականությունը, թե՞ իր պես տխրահռչակ մեկը պարապ մնալուց նստել-հորինել էր: Իսկ Նարեն ու Ժանեթն իրակա՞ն էին, կամ ո՞րն էր մյուսից ավելի իրական: Ո՞վ էր պետք նրան, ի վերջո, կամ ո՞ւմ էր ինքը պետք: Նրա կյանքն էդ անվերջանալի թվացող պողոտայի պես երկու մայթի էր բաժանվել: Մի կողմում Նարեն էր` իր գցած խորն արմատներով, իր կոպիտ հոգատարությամբ, իր դաժան հավատով, իր ռոյալով, պատարագի ձայն ունեցող իր նվագով, մյուսում` Ժանեթի ոգելից ներկայությունը, Ժանեթի դողացող մերկությունը, Ժանեթի քմծիծաղն` աշխարհի բոլոր արհավիրքներին… Անվերջանալի թվացող պողոտան վերջացավ: Ուրեմն իրական էր պողոտան, իրական բաներն են միայն վերջանում: Կյանքն էլ, ուրեմն, իրական է:

#9 սովորական երկիր

Գրեթե մթնել էր, բայց մարդկանց հոսքը մայրաքաղաք չէր դադարում: Երբ հեռվից նայում էիր կենտրոնական հրապարակի կողմ, թվում էր` ամբողջ երկիրն այնտեղ է: Սայլակավորի ելույթի պահը մոտենալուն զուգահեռ` դժվարանում էր նրա մոտ մարդկանց ելումուտը, անգամ լրագրողներն էին մանրամասն ստուգվում, նախքան հարթակին մոտենալը: Ելույթի տեքստը նախապես գրված էր` մանրամասն, կետերով, դրույթներով, բայց վերջին օրը Սայլակավորը որոշել էր խոսել առանց թղթի, կարծում էր` այդպես ավելի անմիջական կստացվի: Ոստիկանները բոլոր կողմերից հսկում էին մարդկանց մուտքը հրապարակ, երբեմն աննշան բանից մեծ աղմուկ էին սարքում, որ ցուցարարների մոտ խուճապ առաջանա: Սայլակավորի օգնականները պարբերաբար ոստիկանական սադրանքներին չտրվելու կոչեր էին անում հարթակից, ասում էին, որ իրենք խաղաղության կողմնակիցներ են: Երբ ելույթին մի ժամից էլ պակաս ժամանակ էր մնացել, հրապարակ եկան ոստիկանության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ծանոթացան իրավիճակին ու արագ հեռացան:

Ավոն աննկատ շրջանցեց ցուցարարներին ու մտավ սրճարան: Ժանեթին փոխարինող մատուցողուհին մոտեցավ ու հարցրեց.
— Ի՞նչ կկամենաք:
Կիսախմած-կիսահոգնած Ավոն մի քանի վայրկյան մտածեց ու ասաց.
— Ժանեթին կկամենամ:
— Ժանեթն էստեղ չի:
— Իսկ որտե՞ղ ա:
— Չեմ կարող ասել, Ժանեթն այսօր հանգստանում է: Մի քանի ժամ առաջ էստեղ էր` մի տղայի հետ:
— Տղայի՞,- Ավոն մի քիչ ուշքի եկավ:
— Տասը տարեկան երեխայի,- Ավոյի տագնապալից զարմանքը հասկանալով` ժպտաց մատուցողուհին:
— Հետաքրքիր աղջիկ ա, երեք օր ա` չեմ տեսել, արդեն հասցրել ա երեխա ունենալ, էն էլ` տասը տարեկան:
— Ինչ-որ բան բերե՞մ:
— Հա´, շատ թունդ ու դառը սուրճ բերեք:
Ավոն զանգեց Տերտերին ու կանչեց սրճարան: «Հրապարակի հետևի կողմով կգաս,- ասաց,- թե չէ էնքան մարդ կա, պատանդ կմնաս»: Սայլակավորի ելույթն սկսվեց: Երկու երիտասարդ տղաներ ծափերի տարափի ներքո նրան ուղեկցեցին հարթակ: Ծափերն ու վանկարկումները շարունակվեցին այնքան, մինչև Սայլակավորը խնդրեց դադարեցնել: Սրճարանում նստածները մատուցողներին խնդրեցին բացել սրճարանի դուռը, որ ձայնն ավելի պարզ լսվի:
— Ինձ օղի բերեք,- ասաց Ավոն,- կոֆեով սրա ելույթը լսել չի լինի:
Երբ ծափահարություններն ամբողջովին դադարեցին, Սայլակավորն սկսեց խոսել.
— Սիրելինե´րս,- անմիջական ու ջերմորեն ասաց,- մեր երկիրն այսօր ապրում է իր պատմության ամենաբարդ ու դժվար ժամանակաշրջանը: Ես հիմա երկար չեմ խոսի, իմաստ էլ չունի, այն, ինչ պիտի ասեմ, դուք ինձնից լավ գիտեք: Մենք այսօր ցերեկն ասացինք, որ իշխանությանը վերջնագիր ենք ներկայացնելու: Եթե մինչև կեսգիշեր պրեզիդենտը հանդես չգա հրաժարականի մասին ելույթով, ես ու իմ համախոհները կգնանք կտրուկ քայլերի…
Այս խոսքերից հետո Սայլակավորը չկարողացավ շարունակել ելույթը. միտինգավորներն այնքան բարձր էին բղավում ու ծափահարում, որ աշխարհի ամենահզոր բարձրախոսներն անգամ անզոր էին խլացնելու այդ աղաղակները: Մի քանի րոպե հետո, երբ կրքերը համեմատաբար զսպվել էին, Սայլակավորն ասաց, որ ուղիղ կեսգիշերին պրեզիդենտի հրաժարականը չլինելու դեպքում հանրահավաքը վերածվելու է քայլերթի, որն ավարտվելու է պրեզիդենտական նստավայրի դիմաց անժամկետ նստացույցով:

Տերտերը կես ժամ ուշացավ: Ասաց, որ ճանապարհին խցանման մեջ է ընկել, հետո հասկացել է, որ ոտքով ավելի արագ կհասնի ու թողել է տաքսին: Մատուցողուհուց բաժակ ուզեց ու Ավոյի դիմաց դրված օղու շիշը դեպի իրեն տարավ:
— Մի բան չուտե՞նք,- հարցրեց Ավոն:
— Էս աղմուկի մեջ ուտել կլինի՞: Դու կեր: Ավելի ճիշտ, դու էլ մի կեր, արի գնանք իմ մոտ:
— Չէ´,- ցուցամատը շարժելով` ասաց արդեն վերջնականապես հարբած Ավոն,- գնալ չկա:
Սայլակավորի ներկայացրած վերջնագրին դեռ երկու ժամ կար, բայց «հանդիսատեսը» հո պարապ չէ՞ր սպասելու: Ամբոխին զբաղեցնելու համար մի քանի տարօրինակ ձայնով մարդկանց էին հրավիրել հրապարակ, ովքեր հայրենասիրական երգեր էին երգում: Առաջին շարքում կանգնածները շուրջպար էին բռնել, հետևիններն ամեն բան անում էին, որ առաջանան: Ցուցարարներից շատերը մտնում էին սրճարան, ինչ-որ բան գնում ու դուրս գալիս, դրսի կրպակի փակվելու ժամանակը վաղուց անցել էր, բայց ո՞վ էր խելագար, որ էդ օրով կրպակ փակեր: Վաճառողուհի կինը, որ նաև կրպակի տիրուհին էր, մի ժամով փոխարինող գտավ իրեն ու հրթիռի արագությամբ գնաց նոր ապրանք բերելու: Ավոն ու Տերտերն էլի օղի պատվիրեցին, Տերտերի համար դա սովորական, հանապազօրյա երևույթ էր, բայց Ավոն ո՞ր օրվա խմողն էր:
— Տերտե´ր,- օղին ջրի պես խմելով` ասաց Ավոն,- դու Ժանեթին չես ճանաչում, չէ՞:
— Ժանեթի՞ն:
— Հա: Էն շանը չեմ ասում: Սա ուրիշ Ժանեթ ա, սա լավ Ժանեթ ա:
— Ի՞նչ շուն, ի՞նչ Ժանեթ:
— Ժանեթն էստեղ ա աշխատում: Դու համ լսի, համ լցրու: Թե՞ դեբիլ ես, երկու գործողություն չես կարողանում անել:
— Արի դուրս գանք էլի, Ավո´, ախպոր պես:
— Մենք դուրս չենք գալու, դու լցրու ու լսի: Ժանեթը մոլորակի ամենագեղեցիկ կինն ա: Ինքը մանկատանն ա մեծացել, հերը տարել-շպրտել ու գնացել ա:
Ավոն ինքնամոռաց խոսում էր, Տերտերն էլ սկզբում ձևացնում էր, թե ուշադիր լսում է, հետո սկսեց իսկապես ուշադիր լսել:
— Երկրաշարժի ժամանակ Ժանեթը մնացել ա փլատակների տակ, հրաշքով ա ողջ մնացել, Տերտե´ր:
— Հետո՞:
— Էլ ի՞նչ հետո, ասացի էլի, հերը շպրտել ա որբատուն ու գնացել:
— Ո՞վ ա էդ աղջիկը:
— Ժանեթն ա, էստեղ ա աշխատում: Մատուցողուհի ա: Բայց էդ մատուցողուհու մեջ ավելի շատ երաժշտություն կա, քան դաշնակահարուհիների:
— Դաշնակահարուհիները Նարե՞ն ա,- Տերտերը քմծիծաղեց:
Ավոյի աչքերը հանկարծ թացացան: Տերտերն Ավոյին այդ վիճակում ոչ մի անգամ չէր տեսել:
— Տերտե´ր, Ժանեթը շատ լավն ա, ես շատ եմ սիրում Ժանեթին,- Ավոն դողդողացող ձեռքով օղին լցրեց ոչ այնքան բաժակի մեջ, որքան սեղանին:
— Արի գնանք, ախպե´րս, արի դուրս գանք, ինչքան ուզես, կխոսենք, բայց արի մաքուր օդ շնչենք:
— Չէ´, իմ մաքուր օդն էստեղ ա, ճիշտ ա, էսօր գործի չի եկել, բայց էդ կապ չունի:
Խմեցին: Ավոն մի պահ ուզեց բարձր ձայնով լաց լինել, ուզեց քայլել, կանգնել Սայլակավորի հարթակին ու ուժ ունեցածի չափ գոռալ:
— Կռիվդ ո՞րն ա, Ավո´:
— Նայի, Տերտե´ր,- Ավոն ձեռքով հրապարակի կողմը ցույց տվեց,- նայի էս մարդկանց, նայի էս մարդկանց ազատությանը:
— Ի՞նչ ազատություն:
— Տես` ինչքան ազատ են: Էդ ազատությունն եմ ուզում: Ամբողջ կյանքում երկու բացարձակ արժեք եմ ունեցել` մերս ու ազատությունս: Բայց ազատությունս մի քանի ամիս առաջ ծախեցի դեպուտատին: Սեփական ազատությունը վաճառողից ավելի նողկալի մարդ կա՞ աշխարհում: Տերտե´ր, ազատությունը ծախողը մորն էլ կծախի,- ասաց ու նկատեց, որ բոլորն իրեն են նայում:
Տերտերը հայացքով ներողություն խնդրեց սրճարանում նստածներից:
— Ավո´, դու դեպուտատի կուտը փողի համար չես կերել, ես հո գիտեմ: Դու ինքդ քեզ հետ կռիվ ես սկսել: Դա աշխարհի ամենաանպտուղ կռիվն ա, ոնց էլ էդ պատերազմը լուծվի, պարտվողը դու ես լինելու:
— Կռիվ չկա, կռվելու բան չկա, գաղափար չկա: Համ էլ մի փիլիսոփայի, դա քեզ մոտ ոռի ա ստացվում:
— Հնարավոր ա: Բայց կյանքդ մի կործանի հանուն ինքդ քեզ ինչ-որ բան ապացուցելու:
— Կյանքդ մի կործանի,- կապկեց Ավոն,- կյանք կործանելը խաղ ու պար չի, Տերտե´ր, կյանքը մեռելի գլուխ քանդակել չի, կյանքը միտինգ անել չի: Կյանքը լուրջ իրադարձություն ա, ախպե´րս:

Երբ Սայլակավորի` պրեզիդենտին տված վերջնաժամկետին կես ժամ էր մնացել, ոստիկանները, մարդկանց հրելով, ազատեցին հարթակի դիմացի տարածքը, հետո մի ոստիկանական մեքենա կանգնեց: Ոստիկանության մի գեներալ իջավ մեքենայից ու բարձրախոսով հայտարարեց, որ եթե ցուցարարների կողմից ապօրինի գործողություններ նկատեն, ստիպված կլինեն ուժ կիրառել: Այդ ասելով` գեներալը նստեց մեքենան: Մի քանի վայրկյանից գեներալը ցուցարարների հայհոյանքները չլսելու չափ հեռացել էր հրապարակից:

Սրճարանից դուրս գալուց հետո Ավոն ու Տերտերը քայլեցին դեպի հրապարակ:
— Ուզո՞ւմ ես էդ էշի հետ ծանոթացնեմ,- ասաց Ավոն:
— Սայլակավորի՞:
— Հա´, քեզ հետաքրքիր կլինի, համ էլ կարող ա մի օր քանդակես: Չնայած դրա կիսանդրին ո՞նց պիտի սարքես, տեղով կիսանդրի ա:
— Գոհ եմ, մի ծանոթացրու, համ էլ հիմա նրան պրեզիդենտի պես են հսկում, մոտենալ չի լինի:
— Տղա´ ջան, դու մոռացե՞լ ես, որ ես թերթի գլխավոր խմբագիր եմ:
Տերտերը չէր հասցրել հակադարձել Ավոյի ասածին, երբ նրանց առաջ դուրս եկան Նարեն ու մի գեղեցկատես կին:
— Տեսնո՞ւմ ես, Տերտե´ր,- հեգնեց Ավոն,- կինս իսկական քաղաքացի ա:
Բացի անծանոթուհուց` բոլորը ժպտացին:
— Ծանոթացիր, Գոհա´ր ջան,- ասաց Նարեն,- ամուսինս ա` Ավոն:
— Գոհա՞ր,- Ավոն մեկնեց ձեռքը,- մամայիս անունն ա, ես Ձեզ արդեն սիրում եմ: Էս էլ ընկերս ա,- Տերտերին ցույց տալով` շարունակեց,- մենք նրան Տերտեր ենք ասում: Մահարձաններ սարքելու մեծ վարպետ ա Տերտերը: Եթե մտերիմ մարդ կմեռնի, անպայման դիմեք:
Որքան էլ տարօրինակ թվա, Ավոյի վարքը Նարեին չէր կաշկանդում:
— Ժողովուրդ, չգնա՞նք ինձ մոտ,- ասաց Տերտերը,- սուրճ կխմենք, մի քիչ կխոսենք:
— Տասնհինգ րոպեից Սայլակավորի տված ժամանակը լրանում ա, բա չտեսնե՞նք` ինչ ա լինում:
— Ա´յ աղջիկ, մեկը լսի` կմտածի` քեզ ա էդ ժամանակը տվել,- ծիծաղելով վրա բերեց Ավոն,- չգիտե՞ս, որ Տերտերի ասածները չեն քննարկվում, գնացինք:

Ճիշտ կեսգիշերին ոստիկանական ուժերը փակեցին պրեզիդենտական նստավայր տանող բոլոր ճանապարհները: Սայլակավորն ամբոխին ասաց, որ պրեզիդենտը հրաժարական չի տվել, ու առաջին շարքերում կանգնածները դեմքի այնպիսի արտահայտություն ընդունեցին, կարծես ուրիշ բանի էին սպասել: Սայլակավորն ասաց նաև, որ խաղաղ երթով շարժվում են պրեզիդենտական նստավայր, խնդրեց ու հորդորեց բոլորին հակաօրինական գործողությունների չգնալ և խուսափել ոստիկանների հետ բախումներից: Բախումները, սակայն, իրենց սպասեցնել չտվին: Հենց ցուցարարների առաջին խումբը դուրս եկավ կենտրոնական հրապարակից ու տեսավ, որ պրեզիդենտական նստավայր տանող փողոցը փակել են, մեծ քաշքշոց սկսվեց: Մի քանի րոպեից մոտ հարյուր մարդ արդեն բերման էր ենթարկվել: Սայլակավորը փորձեց բանակցությունների գնալ ոստիկանների հետ, բայց չկարողացավ. ամբոխին զսպելն այլևս անհնար էր: Ոստիկանության մի պաշտոնյա մոտեցավ ու ասաց, որ Սայլակավորին ձերբակալելու հրաման ունի: Սայլակավորի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ: Ուշաթափվեց, բայց չմեռավ: Նրանք, ովքեր պարապությունից էին եկել ցույցի, որքան հնարավոր է արագ, ցրվեցին, իսկ գաղափարի համար եկածները, որոնք քիչ չէին, պատրաստակամ էին առանց ընկրկելու գնալ մինչև վերջ, գնալ, ուր հարկավոր է: Որքան էլ Սայլակավորը վստահություն չներշնչող առաջնորդ լիներ, որքան էլ այդ ամենը սովորական երկրում ապրող շատերին բեմականացում թվար, միևնույն է, էնտեղ վաղվա օրվա համար եկածներ կային, սովորական երկրի հոգսը կիսողներ կային էնտեղ: Զավակներին ուսերին դրած երիտասարդ հայրերը, իրար գրկելով տաքացող սիրահարները, նրանց` վաղվան հավատացող աչքերը հուսադրող, նույնիսկ գեղեցիկ երանգ էին տալիս այդ խառնաշփոթին:

… Տերտերի արվեստանոցում իսկական կերուխում էր:
— Է՞ս էր քո կոֆե խմելը, ա´յ հարբեցող,- ասաց Նարեն, երբ Տերտերն սկսեց սեղան պատրաստել:
— Կոֆե էլ կխմենք, դարդ մի արա, բա էս աղջիկն առաջին անգամ ա եկել, նորմալ չհյուրասիրե՞նք:
Ավոյին խմբագրությունից զանգեցին ու ասացին, որ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում լուրջ իրարանցում է, անընդհատ բախումներ են լինում ցուցարարների ու ոստիկանների միջև: Պատմեցին նաև, որ Սայլակավորի առողջական վիճակը կտրուկ վատացել է, բժշկական օգնություն ստանալուց հետո, սակայն, կազդուրվել է ու բերման ենթարկվել ոստիկանական բաժանմունք: Ավոն միացրեց հեռուստացույցը, բայց ոչ մի նոր բան չլսեց:
— Սա ո՞ւմ քանդակն է,- կիսանդրիներից մեկը տեսնելով` հարցրեց Նարեի ընկերուհին, որ օպերային երգչուհի էր:
— Իսկ Դուք ո՞ւմ եք նմանեցնում,- մեջ ընկավ Ավոն:
— Չեխովին ա նման:
Ավոն ծիծաղեց:
— Հա, Չեխովին նման ա:
— Չեխովը չի՞:
— Կզարմանաք, բայց ոչ:
— Իսկ ո՞վ ա:
— Գռնոն ա:
Օպերային երգչուհին վատ երազ տեսածի պես վեր թռավ:
— Ո՞վ,- հարցրեց:
— Գռնոն, Գոհա´ր ջան, Գռնոն: Հին գողական ա, մարմնավաճառուհին պանիր կտրելու դանակը կոխել ա փորը:
— Ինչի՞,- երգչուհին երեխայի միամտությամբ նայեց Ավոյին:
— Երևի ուշ ա վերջացրել,- հռհռաց Ավոն ու ավելացրեց,- դե, տարիքն իրենն ասում ա:
Նարեն ծխախոտի տուփը շպրտեց Ավոյի վրա:
— Զզվելի ես խմած ժամանակ,- սաստեց ամուսնուն:
Ավոն բռնեց կնոջ թևից ու իր կողմ քաշեց: Նարեն, առանց դիմադրելու, փլվեց ամուսնու ծնկներին: Տերտերը, համոզվելով, որ սեղանին պակաս ոչինչ չկա, միացավ ընկերներին:
— Նարե´, բա ընկերուհիդ չի՞ երգում,- երգչուհուն նայելով` ասաց Ավոն:
— Կներեք,- Նարեի փոխարեն պատասխանեց Գոհարը,- բայց չէ:
— Ինչի՞: Տերտերն օպերային արվեստի մեծ սիրահար ա,- պնդեց Ավոն:
— Ուրեմն, կհրավիրեմ մենահամերգիս,- քաղաքավարության համար ժպտաց,- բայց թույլ տվեք հիմա չերգել:
Երկրորդ բաժակից, սակայն, օպերային երգչուհին Տերտերի արվեստանոցը համերգասրահ կարծեց, ու հաջորդ բոլոր պահերին Ավոն, Նարեն ու Տերտերը նրա «անջատվելու կոճակն» էին փնտրում, ու լավ էր գոնե, որ «անտրակտների» ժամանակ կարողանում էին հեռուստացույցի ձայնը լսել: Լուրերով հայտնեցին, որ Սայլակավորին բաց են թողել, և նա միացել է ցուցարարներին: Մնացած ձերբակալվածները դեռ ոստիկանատներում էին, ու նրանց բաց թողնելու մասին հստակ ոչինչ չէր ասվում: Ուղիղ միացումների ժամանակ Սայլակավորն ու նրա համախոհները կոչերով դիմում էին ժողովրդին, պահանջող հնչերանգով խնդրում դուրս գալ տներից ու միանալ իրենց: Կոչ անողների մեջ մի տղամարդ կար, որի դեմքը հեռուստացույցից ծանոթ թվաց Ավոյին ու Տերտերին: Ասում էր` երկիրը ոստիկանապետության է վերածվել, ու պրեզիդենտի հրաժարականին հասնելու համար նախ և առաջ պետք է ոստիկանության դեմ պայքարել:
— Հիշեցի՞ր սրան, Ավո´,- հարցրեց Տերտերը:
— Դեմքը ծանոթ ա, բայց թե որտեղ եմ տեսել, տեղը չեմ բերում:
— Էն մենթն ա:
— Ի՞նչ մենթ:
— Էն որ դեպուտատը կոնյակի շիշը գլխին ջարդեց:

Ավոն Տերտերի արվեստանոցից ավելի շուտ դուրս եկավ, քան մնացածը: Նարեն անգամ չհարցրեց` ուր է գնում, միայն, երբ Ավոն արդեն դռան մոտ էր, ասաց.
— Էդ ցույցերին չխառնվես:
Մտքով էլ չէր անցնում:
Ժանեթը չէր պատասխանում հեռախոսազանգերին: Ավոն սկզբում ինքն իրեն համոզեց, թե քնած է Ժանեթը, հետո սկսեց հակառակը համոզել ու պնդել, որ Ժանեթը դիտավորյալ է զանգերն անպատասխան թողնում: Մի ժամի չափ քայլեց, բայց չէր սթափվում: Ամբողջ կյանքում խմածները որ գումարեր իրար, դժվար թե հասնեին այդ օրվա կոնծածին: Հեռախոսը զնգաց, կարծեց` Ժանեթն է, բայց Տերտերն էր:
— Տա՞նն ես,- հարցրեց:
— Եթե հաշվի առնենք, որ մեր երկիրը մեր տունն է, ապա տանն եմ:
— Լուրջ եմ հարցնում:
— Տերտե´ր, ի՞նչ կլինի, դու լուրջ հարցեր մի տուր. մի տեսակ քեզ չի սազում:
— Ավո´…
— Ծայր:

Ժանեթի ճերմակ ննջազգեստն Ավոյին ձմեռվա լուսաբաց հիշեցրեց:
— Ժամացույց ունե՞ս, Ավո´:
— Կարելի՞ է:
— Չէ´, չի կարելի
— Շնորհակալություն,- ասաց Ավոն ու ներխուժելու պես ներս մտավ:
Ժանեթը փակեց դուռն ու Ավոյի հետևից հասավ հյուրասենյակ:
— Ավո´, գիշերվա չորսն ա:
— Մի հատ մանկությանդ պես դառը կոֆե տուր, գլուխս պայթում ա:
— Գնա, խնդրում եմ:
— Ինչ-որ բա՞ն ա փոխվել,- Ավոն ընկավ բազկաթոռին:
Ժանեթը գնաջ ննջարան, շոր գցեց վրան ու վերադարձավ:
— Ընկերուհիդ ասաց` ինչ-որ երեխայի հետ սրճարան ես գնացել:
— Հա´,- Ժանեթը կարծես համակերպվեց Ավոյի չգնալու հետ,- հրապարակի ծաղկավաճառն ա` Լոշտը, կարգին տղա ա:
— Հիմա կոֆե չե՞ս տալու:
— Չէ´: Ասելիքդ ասա: Իսկ եթե ասելիք չունես, ես իմն ասեմ, ու գնա:
Ավոն ձեռքով մի ցինիկ ժեստ արեց, իբր` խնդրեմ, կարող ես խոսել:
— Ուզում եմ` էլ չգաս, Ավո´:
Ավոն լրջացավ, կարծես ոչ մի կաթիլ խմած չլիներ:
— Թող ամեն բան հենց էստեղ հենց հիմա վերջանա,- հանգիստ, առանց որևէ հուզականության` շարունակեց Ժանեթը:
Ավոն նայեց Ժանեթին ու հասկացավ, որ ամբողջ ընթացքում, Ժանեթին ճանաչելու ամբողջ ընթացքում մի տարօրինակ, չբացատրվող տագնապ է ունեցել:
— Դու ինձ չես կարող թողնել,- մի կերպ խոսեց Ավոն:
Ժանեթը նայեց Ավոյին: Դա նոր, տարօրինակ, առաջներում չեղած հայացք էր: Նախկինում Ժանեթն էդպես չէր նայել Ավոյին, նախկինում Ժանեթն էդպես չէր նայել կյանքին:
— Երեկոյան քեզ ու Նարեին տեսա, էնքան լավն էիք:
Ցանկացած գիտնականի, երբ ասես, որ սպիրտը մարդու օրգանիզմից երեք վայրկյանում կարող է հօդս ցնդել, նույնիսկ քեզ խելագարի տեղ դնելը շատ կհամարի:
— Պինդ էիր գրկել կնոջդ, ուրեմն սիրում ես: Իսկ դա հրաշալի ա:
— Որտե՞ղ ես տեսել:
— Սրճարանի մոտ: Ինձ փոխարինող աղջիկն էր զանգել, ասաց` խմած ես ու գոռգոռում ես, ուզում էի գալ մոտդ:
— Նարեին պատահական տեսա,- արդարանալու նման ասաց Ավոն:
— Տգեղ ա, երբ տղամարդը սիրուհու մոտ կնոջ հաշվով արդարանում ա:
Ժանեթի հանգստությունն Ավոյին հունից հանում էր:
— Տպավորություն ա, որ էսօր ես իմացել Նարեի մասին:
— Չէ´, Ավո´, խնդիրը Նարեի մեջ չի, քո մեջ էլ չի: Նույնիսկ իմ մեջ չի: Եթե համոզված լինեի, որ ինձ պետք ես, հազար հատ Նարե կտրորեի-կանցնեի:
Ավոն զգաց, որ սիրտը տեղի է տալիս, հազիվ էր շնչում:
— Գիտե՞ս, Ավո´, Լոշտը սիրած աղջիկ ունի, ում ծաղիկներ ա վաճառում: Չի նվիրում, վաճառում ա: Գեղեցիկ չի, չէ՞: Գեղեցիկ չի, բայց ազնիվ ա:
Ավոն փորձեց ինչ-որ բան ասել, բայց չկարողացավ: Ժանեթը դադարեց խոսել: Ավոն վերջին ուժերը ժողովեց ու հազիվ լսելի ասաց.
— Բայց ես քեզ շատ-շատ եմ սիրում:
— Գիտեմ: Շատ-շատ ես սիրում: Հետո հագնվում, գնում ես տուն: Չկարծես, թե սիրուհու կարգավիճակից եմ նեղվում: Ուղղակի քո աշխարհը փոքր ա, շատ փոքր ա, Ավո´, քո աշխարհում նույնիսկ մեկի համար պետք եղածի չափ տեղ չկա, ուր մնաց` երկուսի:
— Ինչի՞ ես դրա մասին հիմա ասում:
— Հիմա ես եկել, հիմա եմ ասում: Տուն վերադարձիր:
— Կվերադառնամ,- Ավոն վեր կացավ,- կվերադառնամ, անպայման կվերադառնամ: Մենակ թե ասա` որտեղ ա տունս:
— Եթե ունես, կգտնես:
Ժանեթը վեր կացավ, որ ճանապարհ դնի Ավոյին:
— Գարեգին անունով մի աթեիստ ընկեր ունեմ,- ասաց Ավոն, երբ արդեն դռան մոտ էին,- մի լավ խոսք ունի, ասում ա` ամենալավ կինը քեզ դեռ չհանդիպած կինն է: Իսկ եթե լուրջ, դու մոլորակի ամենաանպատասխանատու կինն ես:
Ավոն, կեցվածքին արհեստական հանգստություն տալով, թողեց Ժանեթի բնակարանը:

Լույսը բացվելուն րոպեներ էին մնացել: Տաքսին կանգ առավ մայրաքաղաքի ծայրամասում գտնվող մի շքեղ, անճաշակ առանձնատան դիմաց: Մի քանի թիկնապահներ մոտեցան մեքենային: Ավոն իջեցրեց լուսամուտն ու խնդրեց պատգամավորին դուրս կանչել:
— Ժամին նայե՞լ ես, ա´յ ախպեր,- ասաց նրանցից մեկը,- շեֆը քնած ա:
— Շատ կարևոր ա, ասեք` Ավոն ա եկել:
— Ձև չի, ախպե´ր, թող լույսը բացվի, կգաս:
— Եթե կարևոր չլիներ, էս ժամին էստեղ չէի հասնի,- համառեց Ավոն:
— Դու ո՞վ ես, ախպե´ր,- հարցրեց մյուս թիկնապահը,- դու շեֆի ի՞նչն ես:
Ավոն քմծիծաղ տվեց:
— Շեֆիդ անձնական օգտագործման ժուռնալիստն եմ: Ասեք` Ավոն ա կանչում:
Թիկնապահներից մեկը զանգեց պատգամավորին, ասաց, որ Ավո անունով մեկն իրեն է սպասում: Պատգամավորը խալաթով ու հողաթափերով դուրս եկավ բակ:
— Ավո´ ջան, էս ի՞նչ կա էս ժամին:
— Խոսելու բան կա, կներես, որ անհարմար ժամի եկա:
— Հարց չկա, ախպե´րս, որ էս ժամին ես էկել, ուրեմն լուրջ ա: Արի տուն մտնենք:
— Չէ´, ավելի լավ ա` էստեղ խոսենք:
— Հո չե՞ս գժվել, ա´յ ախպեր, էկել-հասել ես տանս դեմը, ներս չե՞ս մտնում:
Ավոն պնդեց, որ փողոցում խոսեն: Պատգամավորը թիկնապահներին կարգադրեց իրենց մենակ թողնել:
— Եկել եմ` ասեմ, որ հրաժարվում եմ գործից: Ես քեզ համար նոր խմբագիր կգտնեմ, ոնց ես եմ աշխատել, էնպես էլ ինքը կաշխատի, էդ առումով հանգիստ էղի:
Պատգամավորն ամբողջովին արթնացավ:
— Ավո՞: Ի՞նչ ա էղել, ի՞նչ ես խոսում:
— Չլսեցի՞ր` ինչ եմ խոսում,- կոպտորեն պատասխանեց,- կյանքիս ամենամեծ սխալն էս գործարքին գնալն էր:
— Այ քեզ բան: Չգնայիր, ախպե´ր, կարո՞ղ ա ստիպել ենք քեզ:
— Չէ´, չես ստիպել, ես եմ մեղավոր, դրա համար էլ եկել եմ` ներողություն խնդրեմ, ու վերջացնենք էս ամենը:
— Սպասի, ախպե´ր, տենց չի լինում: Ես քեզ կիլոյով փող եմ տվել, սրա տակից ո՞նց ես դուրս գալու: Ես քո վրա հույս եմ դրել, ես, քո վրա հույս դնելով, էդ թերթի վրա միլիոններ եմ ծախսել: Ավո´, մի քանի ամսից ընտրություններ են: Փողդ կբարձրացնեմ, եթե դրանից ես նեղվում:
— Ի՞նչ փող,- գրեթե զզվանքով նայեց պատգամավորին,- ես փողի մասին բա՞ն ասացի: Ամբողջ հարցն էլ էն ա, որ դու ինձ մի քանի անգամ ավելի շատ ես վճարում, քան արածս գործն ա, իսկ ես դրան սովոր չեմ, ես գիտեմ` երբ ա էդպես լինում:
— Լավ, Ավո´, երկար-բարակ բազառների հավես չունեմ: Մի խոսքով, իմացի, որ փողդ երկու անգամ բարձրացնում եմ: Իսկ հիմա, դավայ, գնա խմբագրություն, սկսի աշխատել, լույսը հիմա կբացվի,- վերջնական խոսքն ասաց պատգամավորն ու տեսնելով, որ Ավոն տեղից չի շարժվում, բարկացած ավելացրեց,- գնա, արա´, հայերեն չե՞ս հասկանում, ասում եմ` էսօրվանից աշխատավարձդ երկու անգամ ավել ա:
Ավոն մոտեցավ պատգամավորին ու ցածրաձայն ասաց.
— Էդ աշխատավարձը կկոխես ոռդ: Մյուս անգամ չփորձես Ավոյի վրա գին կպցնես:
Պատգամավորը մի պահ չհավատաց լսածին, բայց համոզվելով, որ ճիշտ է լսել, մի հարվածով Ավոյին գետին գցեց: Թիկնապահները մոտեցան ու սկսեցին մի քանիսով ջարդուփշուր անել անտեր մեռելի պես գետնին ընկած Ավոյին: Նա ձայն չէր հանում, գուցե ցավ էլ չէր զգում, ինչքան չլինի` կես ժամ առաջ սրտից էր խփվել, երիկամներն ի՞նչ են, որ ցավ տան իրեն:
Երբ ասֆալտին ուշքի եկավ, լույսն ամբողջովին բացվել էր, նախորդ օրվա հանրահավաքը` ցրվել, Սայլակավորն էլ արևի հետ դուրս էր եկել հրապարակ, նոր ստվարաթղթի վրա խոշոր, ընթեռնելի տառերով գրել` «ազատություն քաղբանտարկյալներին» ու նստել հացադուլի:

#10 Մեղեդի

Ռոյալը հլու ենթարկվում էր նրա մատներին: Ստեղների տակից մեղեդին հոսում, թափվում էր հատակին, հետո բարձրանում մինչև առաստաղ ու դանդաղ, հեքիաթներում պատմվող ձյան նման դանդաղ էլի իջնում ներքև: Պատուհանը փակել էր, որ նոտաները չփախչեն:
Դռան ձայնը կիսատ թողեց մեղեդին: Ավոն մտավ հյուրասենյակ, հյուրի պես կոկիկ նստեց բազմոցին:
— Էդ ի՞նչ մեղեդի էր:
— Էդ ի՞նչ կապտուկներ են:
— Էլի նվագիր:
— Նվագե՞մ:
— Նվագիր:
Նարեին թվաց, թե ամբողջ կյանքում էդ պահին էր սպասել: Առանց որևէ բան ասելու` սկսեց նվագել: Թվում էր` աշխարհի ընթացքը կանգ է առել, թվում էր` երկրագունդն իր ռոյալի ռիթմով է պտտվում, կարծում էր` ինքն է ստեղներով շարժում մոլորակը:
— Էս ի՞նչ մեղեդի էր:
Նարեն եկավ-նստեց Ավոյի կողքին:
— Էս ի՞նչ մեղեդի էր:
Նարեն ձեռքով զգուշորեն շոշափեց Ավոյի դեմքի վերքերը:
— Ի՞նչ ա եղել դեմքդ:
— Հեչ, կորցրել եմ:
— Հիմա կմշակեմ վերքերդ:
— Չեմ ուզում: Ի՞նչ էիր նվագում:
— Մեղեդի էն մասին, որ ես քեզնից ուժեղ եմ, դու` ինձնից համառ:
— Դո՞ւ ես գրել էդ մեղեդին:
— Երևի: Երևի տասնմեկ տարի էս մեղեդին եմ գրել:
— Էլի նվագիր:
— Էս մեղեդին հորինել եմ, որ տանս պատերից ներս խաղաղություն զգամ: Ոնց ես դու քո խաղաղության համար մարդիկ հորինում, կռիվներ հորինում: Էս էլ իմ հնարած խաղաղությունն ա: Հորինել եմ, որ մարդիկ չվախենան իրարից, որ մարդիկ հավատան իրար: Մարդիկ իրար չհավատալուց են մեռնում, Ավո´: Տեսե՞լ ես` ոնց են շներն իրար հավատում, իրար հոգ տանում: Տեսե՞լ ես` ոնց են շները վախենում:
— Մարդկանց ու շների վախերը շատ տարբեր են. շներն իրար համար են վախենում, մարդիկ` իրարից:
— Վերքերդ մշակել ա պետք:

Ժանեթն ու Լոշտը ժամից ավելի նստած էին դեմ դիմաց ու ոչինչ չէին խոսում: Տնից դուրս գալիս նայեց հայելուն, որ հասկանա, թե ինչ անսովոր ու բովանդակ գեղեցկություն ունի: Այդ երեկո նրա տխրությանը չսիրահարվելն առնվազն չարդարացված մեծամտություն կլիներ:
— Ժանե´թ, մի ժամ ա` նստած ենք, մի բան խոսի:
— Դու խոսի, Լո´շտ, դու լավ ես խոսում:
— Մենք մա՞րդ ենք սպասում:
— Չէ´, ոչ մեկին չենք սպասում:
— Ավո՞ն ա գալու:
— Չէ´, ոչ ոք էլ չի գալու:
— Դե ուտելիք պատվիրի, էլ ո՞ւմ ենք սպասում:
— Իսկապես: Տեսնես` ո՞ւմ ենք սպասում: Տեսնես` էսքան ժամանակ ո՞ւմ ենք սպասում…

                                  ՎԵՐՋ

 

© Է.Կոստանդյան — 2018

 

Advertisements